Մատչելիության հղումներ

Մեր քայլերն ուղղված են արցախահայության իրավունքների պաշտպանությանը, դրանց միջազգայնորեն արձանագրմանը. Փաշինյան


Մեր քայլերն այսօր ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը: Այս մասին Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում նշում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատում է, որ հերոսների սերունդների ու ընդհանուր հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի «մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը»:

«Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան», - ասված է Հայաստանի ղեկավարի ուղերձում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, այսօր այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

Նա եղել է նաև Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին:

Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու արժանապատիվ կյանքի պայմաններ, իր ուղերձում նշել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ցավոք, մեր ամեն օրը չէ անվտանգ, սակայն հավատացեք, որ արվում է ամեն հնարավոր բան՝ լիարժեք ապահովելու խաղաղությունը», - ասված է Վերածննդի օրվա հետ կապված ուղերձում։

Փետրվարի 20-ը համարվում է Արցախի վերածննդի օր: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը 1988թ. փետրվարի 20-ին որոշում կայացրեց Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին:

Բալասանյանը շեշտել է, որ «Արցախը վերջնականապես կործանելու» Ադրբեջանի ծրագիրը չիրագործվեց․ «Մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված, քանզի մեր արմատները խորն են»։

Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում, նշում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG