Մատչելիության հղումներ

Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմերի հետ


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերի հետ։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, Պապիկյանը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Սահմանին վերջին լարվածության ֆոնին, երբ փետրվարի 13-ին ադրբեջանական կրակոցից Ներքին Հանդի դիրքերում չորս զինծառայող զոհվեց, մեկը վիրավորվեց, Զինված ուժերում լայնածավալ կադրային փոփոխություններ տեղի ունեցան․ վարչապետի առաջարկությամբ պաշտոնից ազատվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Նրան շտաբի պետի տեղակալի պաշտոնում փոխարինեց 46-ամյա Արթուր Երոյանը, ով անցած տարիներին ղեկավարել էր Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան։ Արթուր Երոյանից բացի ԳՇ պետի ևս երկու նոր տեղակալներ նշանակվեցին՝ Կարենը Գրիգորյանը և Թեմուր Շահնազարյանը։ Ընդհանուր առմամբ ինը նոր նշանակում եղավ։

Օրեր առաջ էլ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելեց հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներ, ծանոթացավ սահմանային իրավիճակին:

XS
SM
MD
LG