Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հաղորդումը


Երևանը հերքում է Բաքվի հաղորդումը, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակում Բաքվի հաղորդումը։

Բաքուն հաղորդել է, որ այսօր ժամը 12:50-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի շրջանի Կուտականում տեղակայված դիրքերից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև նշում է, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համապատասխան քայլեր են ձեռնարկել»։

Երկու օր առաջ էլ Բաքուն հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերը Վարդենիսի ուղղությունից քվադրոկոպտերի միջոցով փորձել են հետախուզական թռիչք իրականացնել Քելբաջարի շրջանի Իստիբուլաղ բնակավայրի ուղղությամբ։

Փետրվարի 13-ին իրավիճակը լարվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդի դիրքերի հատվածում․ հայկական կողմը հաղորդեց, որ ադրբեջանական կրակի հետևանքով 4 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել։ Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ՝ չբացառելով, որ Բաքուն կարող է Հայաստանի դեմ նաև պատերազմ սկսել։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը որակեց «անհիմն մեղադրանքներ, որոնք նպատակ ունեն միտումնավոր լարվածություն բորբոքել տարածաշրջանում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG