Մատչելիության հղումներ

Ես կշարունակեմ Նավալնիի գործը, շարունակելու եմ պայքարը մեր երկրի համար. Յուլիա Նավալնայա


Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանից մի քանի օր անց նրա այրին հայտարարեց՝ կշարունակի ամուսնու գործը։ Այսօր Յուլիա Նավալնայան առաջին ուղերձը հրապարակեց ամուսնու յութուբյան ալիքում, որը մի քանի ժամվա ընթացքում արդեն մի քանի միլիոն մարդ է դիտել։

«3 օր առաջ Վլադիմիր Պուտինը սպանեց ամուսնուս՝ Ալեքսեյ Նավալնիին։ Պուտինը սպանեց երեխաներիս հորը, Պուտինն ինձնից խլեց ամենաթանկը՝ իմ ամենամտերիմ ու ամենասիրելի մարդուն։ Բայց, Պուտինը Նավալնիին խլել է նաև ձեզանից՝ Պուտինը ցանկացավ սպանել մեր հույսը, մեր ազատությունը, մեր ապագան», - ասել է նա։

«Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը, շարունակելու եմ պայքարը մեր երկրի համար և կոչ եմ անում ձեզ կանգնել իմ կողքին, կիսել ոչ միայն վիշտն ու այս անվերջանալի ցավը, որը պարուրում է մեզ ու բաց չի թողնում։ Ես խնդրում եմ կիսել իմ զայրույթը, զայրույթը նրանց նկատմամբ, ովքեր համարձակվել են սպանել մեր ապագան», - նշել է նա։

Մոտ տասը րոպեանոց ելույթում Յուլիա Նավալնայան կրկին պնդել է՝ 47-ամյա Ալեքսեյին սպանել է Պուտինը, ավելին՝ ասել, թե գիտի ինչու՝ խոստանալով այդ մասին պատմել ապագայում. - «Մենք գիտենք, թե ինչու է Պուտինը երեք օր առաջ սպանել Ալեքսեյին։ Այս մասին անպայման կպատմենք։ Մենք անպայման կիմանանք, թե կոնկրետ ով և ինչպես է իրականացրել այս հանցագործությունը։ Մենք անուններ կտանք, դեմքեր ցույց կտանք»։

Մինչ օրս Նավալնիի մահվան հանգամանքները հստակ չեն։ Հարազատներին ու փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել դիահերձարան, որտեղ պահվում է նրա դին, հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը. - «Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են հրել: Հարցին, թե արդյոք Ալեքսեյի դին այնտեղ է, աշխատակիցները չեն պատասխանել»։

Կիրա Յարմիշի խոսքով՝ Քննչական կոմիտեն մորն ու Նավալնիի փաստաբաններին ասել է, որ «մահվան հետաքննությունը երկարաձգվել է»։ Թե որքան կտևի դա, հայտնի չէ։ Պաշտոնապես միայն հաղորդվել է, որ փետրվարի 16-ին նա գաղութում հանկարծամահ է եղել։ Մի քանի օր է՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս, ծաղիկներ խոնարհում։ Ինքնաբուխ այս հավաքների ընթացքում ավելի քան չորս հարյուր մարդ է բերման ենթարկվել։

«Նա ինձ համար հերոս էր, որ պայքարում էր ազատության համար։ 21-րդ դարում պետք է ապրել ժողովրդավարական ազատ երկրում, այլ ոչ թե բռնապետությունում։ Նա այն մարդն էր, որ բացեց իմ աչքերը և բացատրեց ինձ, թե ինչ երկրում ենք մենք, իրականում ապրում», - ասել է մասնակիցներից մեկը։

Մինչ այդ ռուսաստանցի վերլուծաբանները փորձում են հասկանալ՝ ինչ է կատարվելու Ռուսաստանում Նավալնիի մահվանից հետո, արդյոք սա նշանակում է, որ Պուտինն վերջնականապես ընտրել է բռնապետության ճանապարհը։ Քաղաքական մեկնաբան Կիրիլ Մարտինովի խոսքով՝ այսօր արդեն կարելի է ասել, որ մարդու կյանքը Ռուսաստանում այսօր որևէ արժեք չունի. - «Ռուսաստանում գտնվող բոլոր մարդկանց կյանքը վտանգի տակ է։ Դա հատկապես պարզ դարձավ փետրվարի 16-ի հետո։ Հատկապես քաղբանտարկյալների կյանքն է շատ վտանգված»։

Վերլուծաբանների մի մասն էլ ասում է, թե անկախ մահվան հանգամանքներից՝ Նավալնիի մահը վկայում է Պուտինի մեկուսացման և իշխանության միջանցքներում վախի մթնոլորտի մասին, հակառակ դեպքում, գոնե մեկը կարող էր Պուտինին ասել՝ պետք է Նավալնիի կյանքի և առողջության մասին հոգալ՝ գոնե Կրեմլի հեղինակությունը պահելու համար։

Մինչ այս պահը Պուտինը Նավալնիի մահը չի մեկնաբանել, թեև ավելի վաղ նրա մամուլի քարտուղարը ասել էր, թե Պուտինին նրա մահվան մասին հենց առաջին օրն են զեկուցել։

Արևմտյան առաջնորդներից շատերն են կատարվածի համար անմիջապես Պուտինին մեղադրել, Մեծ Բրիտանիայում քննարկում են անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրերին Նավալնիի հիշատակին ցույցեր են կազմակերպվել։ Ամենուրեք նույն պահանջն էր՝ պատժել մեղավորներին։

«Նրան լռեցնել չկարողացան, և նրա անունը մենք պիտի շարունակենք հնչեցնել», - պնդել է լեգենդար U2 ռոք խմբի մենակատար Բոնոն Լաս Վեգասում մենահամերգի ընթացքում։

XS
SM
MD
LG