Մատչելիության հղումներ

Նավալնիի մորն ու փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել դիահերձարան


Ալեքսեյ Նավալնիի մորն ու փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Սալեխարդի դիահերձարան, որտեղ ենթադրաբար գտնվում է քաղաքական գործչի մարմինը, հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը։

«Վաղ առավոտյան Ալեքսեյի մայրը և փաստաբանները ժամանել են դիահերձարան: Նրանց թույլ չեն տվել ներս մտնել: Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են հրել: Հարցին արդյո՞ք Ալեքսեյի դին այնտեղ է, աշխատակիցները չեն պատասխանում»,- գրել է Յարմիշը:

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեում մորն ու փաստաբաններին ասել են, որ «Նավալնիի մահվան հետաքննությունը երկարաձգվել է։ Թե որքան կտևի, հայտնի չէ։ Մահվան պատճառը դեռևս չի պարզվել»։

«Ագենստվո»-ն, հղում անելով դատաբժշկական փորձագետներին, գրել է, որ դիահերձումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է տրվի մահվան վկայականը, և որ դիակը չի կարող հանձնվել հարազատներին, եթե դիահերձման ժամանակ հայտնաբերվել են վտանգավոր հիվանդություններ՝ ժանտախտ կամ խոլերա։

Նավալնիի մահվան մասին դաշնության քրեակատարողական ծառայությունը հայտնեց փետրվարի 16-ին, մեկ օր անց նրա թիմակիցները հաստատեցին լուրը։ Կրեմլի ու անձամբ Պուտինի կոշտ քննադատին անցած տարեվերջին տեղափոխել էին Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկի՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութ։

XS
SM
MD
LG