Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև հանդիպման ազդակները դրական են. Ծովինար Վարդանյան


«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը կարծում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ազդակները դրական են։

«Սառույցը հալվելու մասին միանշանակ գնահատական չեմ կարող տալ, որովհետև նման դրական գնահատականներ էլի են հնչել, բայց կարող եմ ասել, որ եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակելու, դա շատ կարևոր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Վարչապետն արդյունավետ է գնահատում Մյունխենի հանդիպումը, նաև Բաքվից է նման գնահատական հնչել։ Դուք կասեի՞ք, որ սառույցը հալվում է, և Ադրբեջանը վերադառնում է բանակցային արևմտյան հարթակ։

Ծովինար Վարդանյան. - Սառույցը հալվելու մասին միանշանակ գնահատական չեմ կարող տալ, որովհետև նման դրական գնահատականներ էլի են հնչել, բայց կարող եմ ասել, որ եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակելու, դա շատ կարևոր է, ըստ երևույթին, ամենակարևոր նախապայմանը հենց դա է, որպեսզի խոսակցությունը կողմերի միջև շարունակվի, և դա շարունակական լինի։

«Ազատություն». - Բայց երևի թե պակաս կարևոր չէ, թե որ հարթակում կամ ում միջնորդությամբ արտգործնախարարները հիմա տվյալ դեպքեւմ որտեղ են հանդիպելու։

Ծովինար Վարդանյան. - Պաշտոնական տեղեկատվություն չկա, այսինքն՝ ծանոթ եմ ինֆորմացիային այնքանով, որքանով հայտարարության մեջ տեղ է գտել, ամեն դեպքում կարծում եմ՝ լավ ազդակ է, եթե արտաքին գործերի նախարարները երկու պետությունների հանդիպեն։

«Ազատություն». - Ընդունելի՞ է առանց միջնորդի բանակցությունը, որովհետև դուք գիտեք՝ Բաքվի վերջին ամիսների գլխավոր թեզերից է դա։

Ծովինար Վարդանյան. - Այստեղ ավելի շատ կարևոր է արդյունքը, եթե ուղիղ բանակցությունները, ուղիղ խոսակցություններն արդյունավետ են լինելու, և իսկապես և Հայաստանը, և Ադրբեջանը կարողանալու են գտնել այն կետը, որտեղ գան պայմանավորվածության և կարողանան այդ պայմանավորվածության շրջանակում կազմակերպել ապագան, բնականաբար այդտեղ էական է արդյունքը՝ կարծում եմ, քան միջնորդի առկայությունը կամ դրա չլինելը։

XS
SM
MD
LG