Մատչելիության հղումներ

Բաքուն Հայաստանի վարչապետի հայտարարությունները որակում է «անհիմն մեղադրանքներ»


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է պարզաբանել՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի պաշտպանության նախարարության խոստումը՝ ադրբեջանցի զինվորի վիրավորման փաստով հետաքննությունը, չի իրականացվել: Այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:

Բաքուն պահանջում է նաև հստակեցնել, թե «ինչի՞ հիման վրա են Հայաստանի սահմանային դիրքերում տարբեր զորամիավորումներին պատկանող վարձկանները ենթարկվում Պաշտպանության նախարարությանը»։

Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմից 4 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել, բոլորն էլ՝ Երկրապահ կամավորական միության անդամներ. այդ դիրքերում ժամկետային զինծառայողներ չկան: Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն. նախօրեին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունն արձագանքել էր՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այսօրվա հայտարարությունում որակում է «անհիմն մեղադրանքներ, որոնք նպատակ ունեն միտումնավոր լարվածություն բորբոքել տարածաշրջանում»։

ՀՀ վարչապետն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ: Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։

XS
SM
MD
LG