Մատչելիության հղումներ

Հրապարակվեցին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվածների, վիրավորի անունները


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),

Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),

Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Հայկական ռազմական գերատեսչությանն ավելի վաղ հատնել էր, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատությանը» հայտնել է, որ 4 զոհը և մեկ վիրավորը «Երկրապահ կամավորական միության» (ԵԿՄ) անդամներ են։

ԵԿՄ վարչությունը հաստատեց, որ զոհվածները կազմակերպության անդամներ են, հրապարակեց նաև վիրավորվածի ինքնությունը՝ 36-ամյա Ռոստամ Բաղիշի Վարդանյան. նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:

ԵԿՄ վարչությունը հաղորդում է նաև, որ երեկ նախնական տվյալներով հանկարծամահ է եղել 40-ամյա երկրապահ կամավորական Գոռ Ռազմիկի Ասատրյանը, մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG