Մատչելիության հղումներ

Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է․ ՊՆ


Ներքին Հանդ, արխիվ
Ներքին Հանդ, արխիվ

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը նշում է, որ հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:

Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։

Ավելի ուշ Բաքուն հաղորդեց, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն։

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նշեց, թե «Հատուցում» գործողության արդյունքում Ներքին Հանդի բնակավայրի մոտ գտնվող հայկական մարտական դիրքը, «որտեղից երեկ կրակ էր բացվել ադրբեջանցի զինվորի վրա, ամբողջությամբ ոչնչացվել է»։

Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։

XS
SM
MD
LG