Մատչելիության հղումներ

Իշխանափոխություն փողոցում, ոչ թե Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններ. Հայկ Մամիջանյան


Իշխանափոխություն փողոցում, ոչ թե Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան:

«Ազատություն». - Ինչպե՞ս կհակադարձեք վարչապետ Փաշինյանին, որն ասում է՝ Սահմանադրությունն Ալիևի պահանջով չի փոխվում, պարզապես Ադրբեջանի նախագահն օգտվում է իրավիճակից, հայաստանյան ընդդիմությունն էլ, ըստ էության, ձայնակցում է դրան:

Մամիջանյան. - Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, վստահ չեմ, որ Փաշինյանը դա հասցնելու է ավարտին, երկրորդ՝ Հայաստանի առջև ծառացած շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնցից ուշադրությունը զգալիորեն այս պահին շեղվեց սահմանադրական փոփոխություններին: Ես չեմ բացառում նույնիսկ տարբերակը որպես վարկած՝ քանի որ Փաշինյանը զբաղված է Ադրբեջանի ուլտիմատումները կատարելով ու վաղ թե ուշ, երբ համաձայնության ժամանակը լինի, լինելու է ինչ-որ կետ, որոնք ապահովելու են Փաշինյանի երեսը փրկելու հնարավորությունը, չի բացառվում, որ այդ երեսը փրկելու հնարավորությունը լինի հենց այն, որ ինքը լուրջ դեմքով գա, ասի՝ գիտեք ինչ ստրատեգիական բարձունքներ տվեցի, երկու միջպետական ճանապարհները՝ դեպի Վրաստան և դեպի Իրան կա՛մ ամբողջապես Ադրբեջանին են անցել, կա՛մ Ադրբեջանի վերահսկողությամբ և այլն, բայց արոտավայրեր եմ վերցրել Տավուշի մարզում, խոտը մի հրաշք է, և, տեսեք, պայքարեցի, Սահմանադրությունը չփոխվեց: Էս բուն գործընթացին իմ վերաբերմունքը: Երկրորդ, թե ինչ է փոփոխություններով նախատեսվում, դեռևս ոչ մի թուղթ չկա, մենք ընդամենը հիմնվում ենք Փաշինյանի ասածների վրա, որը երկրագնդի ամենա ոչ արժանահավատ աղբյուրն է: Խոսքը գնում է ինքնության վերացման մասին, այսինքն, Փաշինյանը գնում է հետևյալ ճանապարհով, եթե մենք հայ չլինենք, ապա այս տարածաշրջանում ապրելն ավելի հեշտ է: Հա, բայց ի՞նչ է նշանակում, ո՞ւմ է պետք այդպես ապրելը:

«Ազատություն». - Չե՞ք խտացնում, նա ասում է՝ Անկախության հռչակագիրը չի նպաստում խաղաղությանը, այդ փաստաթղթում գրված է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի միավորում:

Մամիջանյան. - Նույնը մեզ հարցնում էին՝ արդյոք չե՞ք խտացնում գույները 18 թվականին, երբ Փաշինյանը եկել էր, 20 թվականին պատերազմի ժամանակ, 20 թվականի պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացների ժամանակ, այնպես որ, չէ, չենք խտացնում:

«Ազատություն». - Դուք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

Մամիջանյան. - Իհարկե, Հայաստանի Հանրապետության իշխանությունը փողոցային իշխանափոխությունից հետո ժամանակավոր կառավարության գործունեությունից հետո, որը ցանկալի է, որ ի սկզբանե հայտարարի, որ չի մասնակցելու ընտրություններին, իհարկե, ընտրությունների միջոցով պետք է որոշվի Հայաստանի իշխանությունը: Բայց Փաշինյանի հետ, Փաշինյանի օրոք ընտրություններին մասնակցելը բերում է այն արդյունքին, որ մենք արդեն տեսել ենք:

XS
SM
MD
LG