Մատչելիության հղումներ

Արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում․ Փաշինյան


«Արդարադատության մեր ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ», - այսօր Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում:

Իսկ թե ի՞նչ պետք է տեղի ունենա, որ պետական ինստիտուտների և հանրության պատկերացումները համընկնեն, ըստ վարչապետի՝ բանավեճն է Սահմանադրության շուրջ և ի վերջո, այդ բանավեճի արդյունքում որոշման կայացումը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։

«Կարծում եմ, որ հենց այս խաչմերուկում տեղի ունեցած հանդիպման առանձնահատկություններն են, որ ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարության և արդարադատության մասին չեն համընկնում։ Այսինքն` այս հանգրվանում է, որ այդ խոսակցությունը, այդ կոնսենսուսը չի ձևավորվել և կարծում եմ, որ սա հիմա արդեն ակնհայտորեն մեր պետական ինստիտուտների և ընդհանրապես՝ պետության կայացման համար կարևորագույն մի խնդիր է, որի հասցեագրումն առնվազն մեր օրակարգում պետք է ունենանք», - ասաց գործադիրի ղեկավարը՝ շարունակելով․ -«Եվ այստեղ, իհարկե, շնորհակալ կլինեմ, եթե Սահմանադրական դատարանն առանց իշխանությունների բաժանման սկզբունքների խախտման, նաև այս թեմայով հաղորդակցության հնարավորություն ստեղծի Կառավարության համար, որովհետև սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են»։

Անցած տարվա դեկտեմբերին խորհրդարանի ամբիոնից վարչապետը հայտարարեց, որ հեղափոխությունից ի վեր մարդկանց ամենամեծ ակնկալիքները՝ արդարության և կոռուպցիայի վերացման վերաբերյալ, իրականացված չեն։

«Մեծ ջանքեր են գործադրվում, բայց և Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում», - ասել էր վարչապետը։

XS
SM
MD
LG