Մատչելիության հղումներ

Լցոնումներ, լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտներ․ Ադրբեջանում ընտրություններ են


Ադրբեջանի նախագահը և ընտանիքը քվեարկում են ընտրություններում, Ստեփանակերտ, 7-ը փետրվարի, 2024թ․
Ադրբեջանի նախագահը և ընտանիքը քվեարկում են ընտրություններում, Ստեփանակերտ, 7-ը փետրվարի, 2024թ․

Լցոնումներ, կուտակումներ, լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտներ․ ադրբեջանական անկախ լրատվամիջոցներն այս մասին հաղորդագրություններով են սկսել լուսաբանել երկրում մեկնարկած արտահերթ նախագահական ընտրությունները, որոնց հինգերորդ անդամ մասնակցում է 20 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևը։

Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո, որոնց արդյունքում Բաքուն վերահսկողություն հաստատեց ամբողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ստիպելով ավելի քան 100 հազար հայազգի բնակիչների լքել իրենց տները, Իլհամ Ալիևն անակնկալ հայտարարեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշման մասին, վերլուծաբանների գնահատմամբ՝ օր առաջ ամրագրելու նախագահական հաջորդ՝ յոթնամյա ժամկետը իր համար նպաստավոր պայմաններում:

Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ նաև Ղարաբաղում ու հարակից յոթ շրջաններում տեղի ունեցող Ադրբեջանի նախագահական ընտրությունների առաջին կադրերը ադրբեջանական պետական լրատվամիջոցները հրապարակեցին Ստեփանակերտից: Իշխող ընտանիքը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, չնայած Բաքվի գրանցում ունենալուն, փաստացի խախտելով ընտրական օրենսգիրքը, քվեարկել է էթնիկ զտումների ենթարկված Ստեփանակերտում։

Պաշտոնավարման երրորդ տասնամյակը սկսող Ալիևը հայտարարություններով հանդես չեկավ, քվեարկելուց հետո ընտանիքի հետ միասին լուսանկարվեց Ստեփանակերտի հրապարակում։ Ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ նա զինվորական համազգեստով չէր, բռունցքն էլ տեսախցիկների առաջ վեր չէր պարզում։

Ալիևից բացի քվեաթերթիկում ևս վեց թեկնածուի անուն կա, նրանցից հինգը վերջին երկու տասնամյակներին Ադրբեջանի բոլոր նախագահական ընտրություններին մասնակցել են որպես թեկնածուներ, այս քարոզարշավի ընթացքում էլ այդ քաղաքական գործիչները ոչ թե քննադատել, այլ գովաբանել են գործող ղեկավարին՝ առանձնապես չթաքցնելով, որ իրենց մասնակցությունը հայտարարված ընտրություններին ձևական բնույթ է կրում։

Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։ Մինչ այս պահը, ադրբեջանական ԿԸՀ-ի տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 70 տոկոսը։ Ամենամեծ ակտիվությունը, ըստ հաղորդագրության, գրանցվել է Բաքվի Բինագադինի շրջանում՝ մոտ 78 տոկոս։ Ամենապասիվը Բաքվի Նիզամիի շրջանի ընտրողներն են՝ այստեղ մասնակցություն մոտ 45 տոկոս է։

Թերևս ընտրողների պասիվությամբ պայմանավորված, ինչպես «Թուրան» գործակալությունն է հայտնում, մայրաքաղաքի մի շարք ընտրատեղամասերում «կարուսելի» դեպքեր են արձանագրվել, որոնցում ներգրավված են մեծ թվով ուսանողներ։

Անակնկալ չխոստացող, այդուհանդերձ խախտումներով ուղեկցվող քվեարկության արդյունքների վերաբերյալ թերևս միակ հարցն այն է, թե արդյոք Ալիևը կգերազանցի 2008 թվականի ռեկորդը, երբ ըստ պաշտոնական տվյալների ստացել էր ընտրողների ձայների 89 տոկոսը։

Ինչպես այդ, այնպես էլ այդ երկրում տեղի ունեցած մյուս բոլոր ընտրություններն անխտիր միջազգային կառույցները գնահատել են որպես ոչ թափանցիկ, ոչ մրցակցային։ Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն այս անգամ էլ են բոյկոտել ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանց արդյունքները նույնպես «կանխորոշված են»։

«Բազմաթիվ լրագրողներ և քաղաքական ակտիվիստներ գտնվում են բանտերում։ 200-ից ավելի քաղբանտարկյալներ կան։ Ընտրական օրենսդրության հետ կապված լուրջ խնդիրներ կան, և ընտրական հանձնաժողովները հիմնականում գտնվում են իշխանությունների ազդեցության տակ», - Associated Press-ին ասել է ընտրությունները բոյկոտած «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին։

Առանց լուրջ մրցակցության տեղի ունեցող ընտրություններին տեղում հետևում է 790 միջազգային դիտորդ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի առաքելությունը, որն իր միջանկյալ զեկույցում արդեն քննադատել է նախընտրական գործընթացները ընդգծելով, որ դրանք նախապատրաստվել են ոչ մրցակցային, մամուլի դեմ ճնշումների պայմաններում, առանց քաղհասարակության մասնակցության։

Ընտրական գործընթացներին հետևող մյուս հեղինակավոր կառույցների՝ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի պատվիրակություններին պաշտոնական Բաքուն դիտորդության հրավեր չի ուղարկել։ Նաև հենց այս որոշման պատճառով ընտրությունների նախաշեմին ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունը մեկ տարով վտարվեց ԵԽԽՎ-ից։

Ադրբեջանում գործող «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնն» էլ իր միջանկյալ զեկույցում ընդգծել է, որ քվեարկությունը պլանավորվածից շուտ անցկացնելը բարդացրել է կուսակցությունների, թեկնածուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին։

Կազմակերպությունը շեշտում է, որ գործող նախագահի վեց մրցակիցներն անգամ չեն փորձել իրենց դրսևորել որպես իշխանության համար պայքարող այլընտրանքային քաղաքական ուժի ներկայացուցիչներ։

Չնայած այս քննադատություններին, Պուտինի բռնապետական ռեժիմին դիմադրող Ուկրաինայի ներկայացուցիչը՝ Գերագույն Ռադայի իշխող մեծամասնության պատգամավոր Վալերի Կոլյուխը, ով որպես դիտորդ Ադրբեջանում հետևում է քվեարկությանը, ոչ միայն չի կիսում բացասական գնահատականները, այլև պնդում է՝ ընտրություններն Ադրբեջանում անցնում են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։

«Սա պատմական իրադարձություն է Ադրբեջանի ժողովրդի համար, և մենք չէինք կարող այն բաց թողնել։ Կցանկանայի նշել, որ ընտրություններն անցնում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», - հայտարարել է Կոլյուխը։

Մինչ այդ, Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի՝ ժողովրդավարության ցուցանիշներով Ադրբեջանը 174 երկրների շարքում զբաղեցնում է 148-րդ տեղը՝ Կուբայի և Վենեսուելայի արանքում, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշում երկիրը 180-151-րդ տեղերում է՝ Պակիստանի և Աֆղանստանի արանքում։

XS
SM
MD
LG