Հայաստանյան իրավապաշտպանները Զինված ուժերում մահերի չնվազող վիճակագրությունն են մատնացույց անում, Պաշտպանության նախարարությունից վստահեցնում են, որ հետևողական վերահսկողություն են իրականացնում բանակում։
«Իրավիճակը իրապես մտահոգիչ է, մենք արդեն մի քանի հարցազրույցներում, քննարկումներում ներկայացրել ենք անցած տարվա 83 ընդհանուր թվով մահացության դեպքերի հետ կապված», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա կազմակերպած քննարկմանն այսօր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պատմեց՝ վերջին տարիներին դիրքում քնելու պատճառով ինքնասպանությունների դեպքերն են անհանգստացնող։
Գնդապետ Արամայիս Մանուչարյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո փոխվեց սահմանը, մեծացավ բնագիծը։ Եվ զինվորների շրջանում արդեն կա մի երևույթ, որ դիրքում չպետք է քնես, որ զգոն լինես հակառակորդի ցանկացած գործողության նկատմամբ:
«Եթե դուք քնում ես, ուրեմն դու վատ մարդու զավակ ես՝ թեթև ասած, և այդ հանգամանքով զինծառայողները ամեն ինչ անում են, որպեսզի իրենք չքնեն, և ովքեր որ քնում են, իրենք էլ, չասեմ, որ բոլոր դեպքերում, բայց շատ դեպքերում, այս վերջին, նամանավանդ վերջին տարիներին, մեր ինքնասպանությունների կամ ինքնասպանության հասցնելու շատ դեպքերում ունենք նաև այդ քնելու հետ կապված հանգամանքը, երբ որ զինծառայողը քնում է, նրան վերագրում են այդ վատ մարդ լինելու, վատ մարդու զավակ լինելու հանգամանքը, և արդյունքում ստացվում են այդ խոսակցությունները, տանում են այն աստիճանի, որ զինծառայողը գնում է ծայրահեղ քայլի», - ասաց Մանուչարյանը:
Զինդատախազի տեղակալ Կարեն Հարությունյանը հաստատում է՝ բոլոր ծանր դեպքերին նախորդում են ոչ-կանոնադրային հարաբերությունները, գերիշխող մասն էլ դիրքում քնելու պատճառով է։ Այս արատավոր երևույթը դեռևս արմատախիլ անել չի ստացվել, ասում է դատախազը։
«Բնականաբար, Զինված ուժերում կան որոշակի բարքեր, որոնք քաղաքացիական կյանքում չկան: Սա իմ անձնական կարծիքն եմ ասում, որ մեր բոլոր զինծառայողները, մեր ժամկետային զինծառայողները՝ բոլորը մեր միջից են, չէ՞, գնում, ինտեգրվում բանակին, որոշակի արդեն բնավորությունների այդ գծերը բոլորը, ամեն մեկը յուրովի իր հետ տանում է բանակ: Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ծնող իր երեխային դաստիարակելիս, բնականաբար, շատ ավելի ուշադրություն դարձնի մարդասիրության, ընկերասիրության, թույլին չճնշելու և այլնի ուղղությամբ», - ընդգծեց Հարությունյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահերի 18 տոկոսը ինքնասպանություն է որակվել, 10 տոկոսը՝ սպանություն։ Ընդ որում, 2018-2023 թվականներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։ Միայն այս տարի՝ հունվար ամսին արդեն երեք զինվոր է մահացել, դեպքերից մեկը ինքնասպանություն, մեկը՝ սպանություն է որակվել, մեկն էլ՝ դժբախտ դեպք։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, հակադարձելով զինդատախազի տեղակալին, ընդգծում է՝ պետք է ընդունեն իրենց սխալները, հակառակ դեպքում՝ զինվորի կյանքի իրավունքը բանակում կշարունակի խախտվել։
«Վերահսկողության իսպառ բացակայություն է այդ զորամասերում, և ընդհանրապես՝ ես արձանագրում եմ զինվորի նկատմամբ բացասական վերաբերմունքը, այսինքն՝ ստորադասվող վերաբերմունքը, որ հրամանատարները՝ կուզի՝ պատժախուց կգցի, չի ուզի՝ դիրքեր կուղարկի, որ էնտեղ, չգիտեմ, ծեծի ենթարկվի, և այլն: Պետք է դուք էլ ընդունեք ձեր սխալները, Պաշտպանության նախարարությունն էլ, այսինքն՝ պետք է ընդունենք, որ դա պետք է փոխել», - նշեց Ալեքսանյանը:
Իրավապաշտպանները նաև առանձնացնում են կիսատ-պռատ դատաբժշկական փորձաքննությունները, խեղաթյուրված դեպքի վայրերը։ Իշխանությունները վերջերս նաև խոստովանել էին, որ բանակում խաղամոլությունն է երբեմն դժբախտ դեպքերի պատճառ դառնում։