Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ցանկանում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել, Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան:
Բաքուն նաև հանդես է գալիս Երևանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է Գաֆարովան։
Նրա խոսքով՝ «եվրոպական որոշ երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան, չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում»։
«Փարիզը փորձում է իր նեոգաղութատիրական քաղաքականությունը տարածել նաև այս տարածաշրջանում»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը։
Բաքուն բազմիցս Փարիզին մեղադրել է «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։