Մատչելիության հղումներ

Fitch-ը Ռուսաստանից տնտեսական կախվածությունը Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկ է համարում


Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու՝ իշխանությունների հայտարարությունների ֆոնին ամենահեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, առաջիկայում էական փոփոխություններ չի կանխատեսում. Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, արձանագրում է գործակալությունը։

Չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում։ 2023-ի առաջին տասն ամիսներին երկրների առևտրաշրջանությունն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

Վարկունակության գնահատումներ իրականացնող Fitch-ը Ռուսաստանից այսչափ մեծ տնտեսական կախվածությունը Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկ է համարում:

«Մեր ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է, չնայած իր մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է: Երկրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ առաջին անգամն է այս ցուցակում», - այս ամիս ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին իշխանություններն ավելի ակտիվ սկսեցին խոսել վերջին ամիսներին՝ Կրեմլի հետ լարվածության աճին զուգահեռ։ Ի՞նչ եղանակով ու մեթոդներով է կառավարությունը պատկերացնում կառուցվածքային այս փոփոխությունները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս ամիս տեղեկացրեց՝ նոր ուղղություններով արտահանում իրականացնողներին աջակցելու ծրագրեր են մշակում, նոր ռազմավարություն են գրում:

«Հիմնական նպատակը լինելու է, որպեսզի Հայաստանից արտահանվեն բարձր ստանդարտների և որակի ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ աշխարհի բազմաթիվ երկրներում և ոչ թե ինչ-որ փոքր երկրների շրջանակում: Մեր աշխատանքը, որը նաև տնտեսական քաղաքականությունում է ֆիքսված, լինելու է այդ ուղղությամբ հիմնականում, ու միայն մի ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու ենք ընդհանուր առմամբ խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքներին», - նշել է նախարարը:

Առևտրի այլ ուղղություններ գտնելու համար պետք է նոր ապրանքներ արտադրել. Գագիկ Մակարյան

Առևտրի այլ ուղղություններ գտնելու համար պետք է նոր ապրանքներ արտադրել, համոզված է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի արդյունաբերության ներկայիս կառուցվածքով էական փոփոխություններ հնարավոր չեն։

«Նույն ապրանքներով ավելի շատ շուկաներ ձեռք չենք բերի, նոր ապրանքներ պիտի առաջանան, որպեսզի նոր շուկայի հնարավորություններ նաև լինեն», - ասաց նա։

Հայաստանի տնտեսության արդյունաբերական հատվածն անցած տարվա հունվար-նոյեմբերին աճել է 2.1 տոկոսով։ Փորձագետի կարծիքով՝ օրերս հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկն էլ է վկայում՝ կառուցվածքային փոփոխություններ չկան։

Ամենախոշոր 15-ի շարքում էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող երկու ընկերություն կա, նրանք միասին 2023-ին ընդհանուր շուրջ 80 միլիարդ դրամի հարկ են վճարել, ավելի շատ, քան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նրանց ցուցանիշների շեշտակի աճը պայմանավորում են դեպի Ռուսաստան վերաարտահանմամբ։ Թոփ 15-ում ամենամեծ մասնաբաժինը ծխախոտ արտադրողներն ունեն՝ այդպիսի 4 ընկերություն կա, որոնք միասին ավելի քան 120 միլիարդ դրամի հարկ են վճարել՝ Հայաստանի ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 5 տոկոսը։

XS
SM
MD
LG