Մատչելիության հղումներ

Հայաստանի արդյունաբերության 6.4 տոկոսը բաժին է հասնում ծխախոտի արտադրությանը


Չնայած սահմանափակումներին ու արգելքներին՝ անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 23 տոկոսով ավելի շատ ծխախոտ է արտադրվել, քան՝ 2022-ի նույն ժամանակահատվածում։ Վիճակագրական կոմիտեի զեկույցը փաստում է՝ ծխախոտի արտադրության ծավալը առնվազն վերջին տասը տարիների համեմատ ռեկորդային է։

Արտադրվել է ավելի քան 31 միլիոն հատ ծխախոտ՝ 375 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Արտահանման ծավալներն էլ են զգալի, բայց, այդուհանդերձ, սիգարետի արտահանման աճն ավելի ցածր է, քան՝ արտադրությունը։

Գրեթե երկու տարի տարի է՝ հանրային վայրերում ծխելն արգելված է, չի կարելի նաև ծխախոտը ցուցադրական վաճառքի հանել։ Այս սահմանափակումներով իշխանությունները նպատակ ունեն մինչև 2026 թվականը ծխողների թիվը կրճատել առնվազն 4 տոկոսով։ Արգելքները, սակայն, հաճախ չեն պահպանվում, փաստն ամիսներ առաջ անձամբ վարչապետն արձանագրեց:

«Նույնը վերաբերում է նաև սրճարաններում, նույնիսկ՝ բացօթյա սրճարաններում ծխելու արգելքին. մենք ի հեճուկս մեր կայացրած որոշման՝ տեսնում ենք, որ այդ երևույթը շարունակվում է», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. - «Էդ բանն էլ չի պահվում, որ ծխախոտների ստենդները պետք ա փակվեն, էդ էլ չի պահվում: Օրինակ՝ ես էս վերջերս մի տեղ մտա, ասացի՝ բա ինչի՞ ա բաց, աշխատողը շատ ճարպիկ էր, ասեց՝ հենց նոր ծխախոտ վաճառող կար, դրա համար էի բացել»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ամբողջ արդյունաբերության 6.4 տոկոսը բաժին է հասնում միայն ծխախոտի արտադրությանը։ ՏՏ ոլորտը ռազմավարական հռչակած երկրում 21 անգամ ավելի շատ սիգարետ է արտադրվում, քան, օրինակ, համակարգիչներ, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումներ: Դրանց ծավալը տնտեսության մեջ կես տոկոսի էլ չի հասնում։ Ավելին՝ նմանատիպ սարքերի արտադրությունը նույնիսկ նվազում է , անկումը 17 տոկոսի է հասել։

Նվազել է նաև սննդամթերքի, խմիչքի, հագուստի, թղթե ապրանքների արտադրությունը, ու չնայած տարին Հայաստանը փակեց ավելի քան 8 տոկոսանոց տնտեսական աճով՝ բուն արդյունաբերությունը հունվար-նոյեմբերին աճել է միայն 2.1 տոկոսով՝ կազմելով շուրջ 6 միլիարդ դոլար։

Գրեթե 90 տոկոսով տպագրության ոլորտն է աճել, 31 տոկոսով՝ քիմիական նյութերի արտադրությունը, 2023-ին 17 տոկոսով ավելի շատ կահույք է արտադրվել։ Ավելացել է շինարարական ամենատարբեր ապրանքների՝ քարերի, շաղախների, սալիկների արտադրությունը։

Անցած տարի Հայաստանում նաև 8 հատ ավտոմեքենա է արտադրվել՝ 281 հազար դոլար ընդհանուր արժեքով։ Սրանք էկոնոմիկայի նախարարի գովազդած «Սեպուհ»-ներն են, որոնք հավաքվում էին դրսից բերված պահեստամասերով։ Տարեվերջին ընկերությունը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը։ Նորմալ է, արձագանքեց նախարար Վահան Քերոբյանը. - «Մենք ոչ էդ գործարանների տնօրեններն ենք, ոչ էլ տերերն ենք, մենք ուղղակի մեր աջակցությունն ենք ցույց տալիս բազմաթիվ ընկերությունների, և եթե դրանց մի մասը հետագայում ձախողվում ա, դա նորմալ ա, աշխատանքային պրոցես ա, և էդտեղ ոչ մի մեծ խնդիր չկա»:

Վերջին տարիներին իշխանությունները նաև պլաստիկի դեմ պայքարի կարևորությունից են խոսում, շրջակա միջավայրը վնասող այս նյութի կիրառումը կրճատելու համար երկու տարի առաջ դրա վաճառքը սահմանափակող օրենք ընդունեցին, գովազդեցին։ Այս կարգավորումն էլ, սակայն, հաճախ չի աշխատում:

«Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, և ինձ իմ գնած ապրանքը տվել են նույն տոպրակով, ինչ որ տալիս էին հինգ տարի առաջ: Մինչդեռ մենք էս դահլիճում քննարկում էինք, որ մենք հիմա չգիտեմ ինչ հաստությունից տոպրակները արգելում ենք, չի լինելու, չի օգտագործվելու...», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Չնայած իշխանություններն էլ են ընդունում՝ օրենքը լիարժեք չի գործում, վիճակագրությունը վկայում է՝ տոպրակների արտադրությունն, այդուհանդերձ, նվազում է։ Անցած տարվա հունվար-նոյեմբերին 4400 տոննա պոլիէթիլեն է արտադրվել ՝ 40 տոկոսով ավելի քիչ, քան 2022-ի նույն ժամանակահատվածում։

XS
SM
MD
LG