Մատչելիության հղումներ

Աքարը Բաքվում քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության հարցեր


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հասանովը, մասնավորապես, ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բարեկամական և եղբայրական հարաբերությունները կարևոր դեր են խաղում երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև բոլոր այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար»։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Երեկ Աքարին ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, օրակարգում կրկին անվտանգության ոլորտում համագործակցության հարցերն էին։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

Բայրամովն ու Աքարը երեկ անդրադարձել են նաև «Շուշիի հռչակագրին»՝ ընդգծելով դրա շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես, անվտանգության և ռազմական զարգացման։

Աքարը նաև նշել է, որ Ադրբեջանը թուրքական պաշտպանական արդյունաբերության հնարավորություններից օգտվելու լայն հեռանկարներ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG