Մատչելիության հղումներ

Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Աքարին


Հուլուսի Աքար և Իլհամ Ալիև, արխիվ
Հուլուսի Աքար և Իլհամ Ալիև, արխիվ

Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև փոխգործակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։

Ավելի վաղ Աքարը լրագրողների հետ զրույցում նշել է, թե Ադրբեջանը և Թուրքիան, հետևելով «Մեկ ազգ-երկու պետություն» սկզբունքին, 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում են զարգացնել համագործակցությունը «մեկ բանակ, մեկ բռունցք ու մեկ սիրտ» նշանաբանով:

«Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս տեսանկյունից մենք կոչ ենք անում Երևանին արագ ընդունել խաղաղություն կնքելու և տարածաշրջանում կայունության արագ հասնելու Ադրբեջանի առաջարկը», - ասել է Աքարը:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը նաև հայտարարել է, թե «որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը տեսնել պրոքսի երկրի հագուստով»։ «Եթե Հայաստանը հետևի նրանց ասածներինին, ապա կարող է հայտնվել նույն վիճակում, որում 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ լուրջ հարված ստացավ», - պնդել է Աքարը:

XS
SM
MD
LG