Մատչելիության հղումներ

«Որտեղ դիմել ենք, պատասխանել են՝ պետք է ՀՀ քաղաքացի լինեք». արցախցի ընտանիքի անդամները չեն կարողանում աշխատանք գտնել


11-ամյա Ռայան նվեր ստացած փոքրիկ շնիկից է Ստեփանակերտում մնացած Ռեքսի կարոտն առնում։ Ռայան տան միակ երեխան չէ՝ 7-ն են, բոլորին հիմա զբաղեցնում է տան նոր անդամը՝ Ակիտան։ Երազանքներ ունի, բայց դրանց մասին դժվարությամբ է խոսում, արցունքները խոսքից առաջ են ընկնում:

Ռայայի ավագ երկու եղբայրներից մեկը 44-օրյա պատերազմում է շրջափակման մեջ մնացել, երկրորդը՝ սեպտեմբերի հարձակման ժամանակ: Մայրը՝ 42-ամյա Դիանա Ղարիբյանը պատմում է՝ 44-օրյայի ժամանակ որդին առաջնագծում էր, ծառայակից ընկերների դիակների տակ թաքնվելով 4 օր անց կարողացել է մի կերպ դուրս գալ: Երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման անցավ, առաջնագծում էր նաև Դիանայի երկրորդ որդին: Մայրն ասում է՝ նա էլ է շրջափակման մեջ մնացել: Զանգել ասել է՝ «մամ, միշտ կհպարտանաս ինձնով», զանգն ընդհատվել է ու մի քանի օր չեն կարողացել որդու հետ կապի դուրս գալ:

«Նկուղում հաց էինք սարքում, մեկ էլ մեկը գրկեց, որ տեսա արդեն տղես ա, չեմ կարում նկարագրեմ», - պատմեց Դիանա Ղարիբյանը:

Արցախից անգամ կարևոր փաստաթղթեր չի կարողացել բերել, բայց ամուսնու հոր փոքրիկ լուսանկարը չի մոռացել, հիմա այդ նկարը մեծացրել ու աչքի առաջ է պահում: Հայկական երկու տուփ սուրճն էլ նկարի կողքից չի հեռացնում, հարցին՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ վրան Արցախի այցեքարտն է՝ դեդոն ու բաբոն:

Ամուսնու հայրը նույնպես զինծառայող է եղել, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին հաց տանելիս նա էլ է շրջափակման մեջ ընկել, մարմինը գլխատված են վերադարձրել:

«Շրջափակումը մեր ընտանիքին կրկնկակոխ հետապնդել է», - ասում է «Ազատության» զրուցակիցը:

Հատկապես ավագ երեխաները տեսախցիկի առջև խոսել չէին ցանկանում, բայց թե ինչեր են հաղթահարել մինչև Հայաստան գալը՝ չեն մոռանում: Ավագ դուստրը մի քանի կադրեր է արել Արցախից հեռանալիս, որ դրանք չկորչեն՝ հրապարակել է տիկտոկյան իր էջում: Դիանան էլ հիշում է, թե ինչպես էր բլոկադայի ժամանակ սովորական քարից աղ ստացել, որ կարողանան ունեցած քիչ ալյուրով հաց թխել:

Երևանից քիչ հեռու՝ Մասիսում տուն են վարձել, ամսական 250 հազար դրամով, մինչև այս քաղաքապետն է աջակցել, բայց անհարմար են զգում նորից դիմել: «2016-ից աչք չենք բացում», - ասում է 7 երեխաների մայր Դիանան ու շարունակում՝ շրջափակումից փրկված որդիները դեռ հոգեպես կազդուրման փուլում են, բայց նյարդային են՝ աշխատանք չեն կարողանում գտնել: Որտեղ դիմել են՝ պատասխանել են, թե պետք է ՀՀ քաղաքացի լինեք: Սոցապ նախարարությունից այսօր ասացին՝ գործատուների առջև այդպիսի պահանջ չկա դրված, հաշվառվելը բավարար է, եթե քաղծառայողի աշխատանքի համար չեն դիմում։

10 հոգանոց ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, բայց չի հասցնում: Ինքն Արցախում կարուձև է արել, գումար աշխատել, այստեղ էլ է փորձել: Երկու երեխաները փոքր են, նրանց ամեն օր դպրոց է տանում, հետո օգնում դասերը պատրաստել։ Ասում է՝ տնից դուրս գործ գտնելը բարդ է իր համար: Երազում է կարի մեքենա ու ժենգյալով հաց թխելու վառարան ունենալ, որ կկարողանա ամուսնու բեռը թեթևացնել ու տնից աշխատել:

XS
SM
MD
LG