Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն անակնկալ որոշել է չմասնակցել հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին, ինչը նրան ստիպում էր անհապաղ հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։
Իր այդ որոշման մասին Միշելը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Իմ ընտրությունը հանգեցրել է ԶԼՄ-ների բուռն ուշադրության և շահարկումների: Ինչ-որ բան ես կանխատեսում էի՝ հաշվի առնելով իմ մոտեցման աննախադեպ բնույթը», - գրել է Միշելը՝ մեկնաբանելով իր նախորդը որոշումը՝ Բելգիայից Եվրախորհրդարանի ընտրություններում առաջադրվելու մասին։
Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում մնալու որոշումը պայմանավորված է հենց այն սուր արձագանքով՝ իր վաղաժամկետ հրաժարականի հեռանկարի վերաբերյալ։ Միշելն ընդգծել է, թե չի ցանկանում թույլ տալ, որպեսզի իր հեռանալը օգտագործվի Եվրոպական խորհուրդը պառակտելու համար։
Շառլ Միշելը ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2019-ին, այդ պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերին։
Միշելի հրաժարականի դեպքում ԵՄ խորհրդի նախագահությունը ժամանակավորապես ստանձնելու հնարավորություն կընձեռեր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, քանի որ այս տարվա հուլիս-դեկտեմբեր ամիսներին Բուդապեշտն է նախագահում ԵՄ խորհրդում։