Մատչելիության հղումներ

Շվեդիայի վարչապետը հունգարացի պաշտոնակցին հանդիպման է հրավիրում հաջորդ շաբաթ Բրյուսելում


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հայտը և երկկողմ այլ հարցեր քննարկելու համար հանդիպել հաջորդ շաբաթ Բրյուսելում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Շվեդիայի նախարարների կաբինետը։

Քրիստերսոնը նամակ է ուղարկել Օրբանին, որում նաև հայտնել է, թե ընդունել է այս շաբաթվա սկզբին ստացված հրավերը՝ այցելելու Բուդապեշտ «երկու քաղաքական գործիչների համար հարմար ժամանակ»:

Reuters-ը հիշեցնում է, որ հունվարի 23-ին Վիկտոր Օրբանն իր շվեդ գործընկերոջը հրավիրել էր Բուդապեշտ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության շուրջ բանակցությունների համար։

Հունգարիայի խորհրդարանի խոսնակն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումի հրատապ հաստատման կարիք չկա։

Շվեդիայի հայտը հավանության է արժանացել Թուրքիայի խորհրդարանի կողմից այս շաբաթ, և սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս կստորագրի ընդունված օրենքը:

Այդպիսով, ՆԱՏՕ-ի անդամներից Հունգարիան կմնա միակ երկիրը, որը դեռ չի հաստատել շվեդական հայտը։ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների համեմատ առավել սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG