Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է Ռուսաստանին ապացուցել իր ինքնապաշտպանության պատրաստակամությունը, սակայն չի ձգտում Ռուսաստանի հետ հրահրել զինված հակամարտություն, Վաշինգտոնի Կասպյան քաղաքականության կենտրոնում կայացած քննարկումների ընթացքում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստա Ուոլանդերը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է բարելավելու անվտանգությունը Սև ծովի շրջանում՝ առանց Ռուսաստանի Դաշնության հետ անմիջական առճակատման, նա ասել է, որ դաշինքը մտադիր է դրան հասնել՝ հետևելով «առաջնորդների որոշումներին և հրահանգներին Մադրիդում և Վիլնյուսում կայացած գագաթնաժողովներից հետո։
ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսում հավանություն են տվել դաշինքի արևելյան թևում լրացուցիչ 300 հազար զինծառայող տեղակայելու ծրագրին:
«Մենք խոսում ենք պաշտպանական կարողությունների մասին, դրանք պետք է ցույց տան, որ ՆԱՏՕ-ն ի զորու է պաշտպանվել: Նպատակը զսպելն է, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմ հրահրելը», - նշել է Ուոլանդերը:
Նրա խոսքով` Վաշինգտոնում այս տարվա հուլիսին կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամները ցանկանում են համոզվել, որ «ունեն տարածաշրջանային ծրագրերը կատարելու բոլոր ռեսուրսները»:
Գագաթնաժողովում նաև պետք է հաստատվի ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակացույցը։