Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ազատության» բելառուսական ծառայության հետ համագործակցող լրագրող Սերգեյ Դուբովեցի դեմ, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Լրագրողը մեղադրվում է «ծայրահեղականությանը հակազդող օրենսդրությունը խախտելու», ինչպես նաև «նացիզմը վերականգնելու» և «բելառուս ժողովրդի ցեղասպանությունը ժխտելու» մեջ։
Նշվում է, որ Դուբովեցն իր հրապարակումներում «կանխամտածված սուտ և բացահայտ ապակառուցողական հերյուրանքներ է տարածում Բելառուսի իշխանությունների հասցեին, սոցիալական տարաձայնություններ է հրահրում և զրպարտում պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին»։
«Ազատություն» ռադիոկայանը Բելառուսում ճանաչվել է «ծայրահեղական կազմավորում», համապատասխանաբար, դատախազությունը Դուբովեցի մասին գրելիս, նրան բնորոշում է որպես «այսպես կոչված, բլոգեր և ծայրահեղական կազմավորման լրագրող»։
Բելառուսի իշխանությունները ծայրահեղականության մեղադրանքներն օգտագործում են Լուկաշենկոյի ընդդիմախոսներին հետապնդելու համար։ 2020 թվականի բողոքի ցույցերից հետո մի շարք անկախ լրատվամիջոցներ ճանաչվեցին ծայրահեղական խմբավորումներ, իսկ նրանց հետ համագործակցությունը ենթադրում է քրեական պատասխանատվություն։