Իրաքում շաբաթ օրը հրթիռակոծվել է Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազան։ Ըստ գործակալությունների, որոնք վկայակոչում են ամերիկյան ռազմական աղբյուրները և իրաքյան պաշտոնյաներին, բազայի վրա արձակվել է առնվազն 15 հրթիռ: Նրանցից առնվազն երկուսը, ենթադրաբար, պայթել են բազայի վրա, իսկ մնացածը խոցվել են։
Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչը ծանր վիրավորվել է։ Մի քանի ամերիկացի զինվորականներ, ըստ Reuters-ի, թեթև վնասվածքներ են ստացել։
ԱՄՆ զինվորականները ենթադրում են, որ հրթիռակոծությունն իրականացվել է իրաքյան տարածքից, ենթադրաբար, իրանամետ զինված խմբավորումներից մեկի կողմից։ Դրա պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։
ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հարձակումից հետո Գազայի հատվածում ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր Իրաքում և Սիրիայում գտնվող ռազմաբազաները, որոնք օգտագործվում են Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի զինվորականների կողմից, պարբերաբար հարձակման են ենթարկվել իրանամետ խմբավորումների կողմից, ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 100 նման հարձակում։
Ամերիկյան ուժերն իրենց հերթին հարվածել են Իրաքում իրանամետ ուժերի թիրախներին։