Այսօր տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանի և Պակիստանի արտգործնախարար Ջալիլ Աբբաս Գիլանիի հեռախոսազրույցը:
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի համար Պակիստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորությունը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ Պակիստանի տարածքում ահաբեկչական ճամբարների վերացման խնդրում:
Աբդոլլահիանի խոսքով՝ Պակիստանի տարածքի վրա հրթիռային հարձակման նպատակն էր չեզոքացնել Իրանի դեմ ահաբեկչության սպառնալիքը: Նա ասել է, թե ավելի քան 50 ահաբեկիչներ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Իրանի դեմ, և որ «ժամանակին իրականացված գործողությամբ դա կանխվել է»:
Պակիստանի արտգործնախարար Գիլանին, իր հերթին, ասել է, թե ահաբեկչության դեմ պայքարում ընդհանուր մոտեցումը կազմում է երկու երկրների համագործակցության հիմքը։ Նա ընդգծել է, որ Պակիստանը միշտ մեծ նշանակություն է տվել «Իրանի հետ եղբայրական և կառուցողական հարաբերություններին»։