Մատչելիության հղումներ

Ռուսական Վորոնեժ քաղաքը ուկրաինական ԱԹՍ-երի հարձակմանն է ենթարկվել. ճակատում իրավիճակը չի փոխվում


Ռուսաստանի Վորոնեժ քաղաքն այս գիշերը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Վորոնեժի մարզի տարածքում հինգ անօդաչու թռչող սարք են խոցել, երեքը՝ չեզոքացրել, ևս չորս անօդաչու թռչող սարք չեզոքացրել են Բելգորոդի մարզի օդում:

Վորոնեժի Սովետսկի թաղամասում անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են բազմահարկ բնակելի շենքին, 10-ամյա մի աղջիկ թեթև վիրավորվել է, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Երկու օր առաջ էլ Ազովի ծովի վրա ուկրաինական կողմը խոցել է ռուսական A-50 հեռահար ռադարային հայտնաբերման ինքնաթիռը և Իլ-22Մ ինքնաթիռ:

Ճակատում, սակայն, իրավիճակը չի փոխվել՝ ռուսական ուժերը շարունակում են ակտիվ գրոհները մի քանի ուղղություններով։ Լուրջ առաջխաղացում ամեն դեպքում չեն արձանագրում։

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը այսօր հայտնել է, որ ռուսական զորքերը նոր նպատակ են դրել իրենց առաջ՝ գրավել Դոնեցկի մարզում գտնվող Նովոմիխայլովկան։

«Թշնամին ամենաակտիվը Մարինսկու և Ավդեևկայի ուղղություններում է: Մասնավորապես, նա փորձում է շրջապատել Ավդեևկան և այժմ նպատակ ունի մտնել Նովոմիխայլովկա, որպեսզի ամբողջությամբ գրավի այն», - ասել է նա։

Շտուպունի խոսքով՝ ռուսներն էլ ավելի ակտիվ են սկսել օգտագործել զրահատեխնիկան ու առաջնագծի ավիացիան։

Ռազմական հարցերով փորձագետ Յուրի Ֆյոդորովի կարծիքով՝
կարելի է պնդել, որ հոկտեմբերի կեսերից սկսված ռուսական հարձակումը դեռ շարունակվում է. - «Սակայն, այսօր ռուսական բանակում ուժերի վերախմբավորման նման մի բան է տեղի ունենում, նրանք փորձում են որոշակի նոր հնարավորություններ ստեղծել հարձակումը շարունակելու համար։ Ինձ թվում է՝ Ուկրաինայում ռուսական բանակի հարձակողական ներուժն այժմ սպառված է կամ գրեթե սպառված»։


Այս ֆոնին Դավոսում Ուկրաինայի նախագահը, իր իսկ խոսքով, ԱՄՆ պետքարտուղարի հետ առարկայական հանդիպում է ունեցել։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև հետագա պաշտպանական համագործակցությունը։ Մեր պետության համար հատկապես կարևոր են հակաօդային պաշտպանությունը և հեռահար հնարավորությունները։ Շնորհակալություն Միացյալ Նահանգների նախագահին, Կոնգրեսին և ողջ ամերիկացի ժողովրդին Ուկրաինային շարունակական և հզոր օգնության համար», - ասել է Վլադիմիր Զելենսկին։

Մինչ այդ էլ Դավոսում Զելենսկին ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հետ էր հանդիպել։ Հանդիպման արդյունքների մասին Ուկրաինայի նախագահը խոսել է Տելեգրամի իր ալիքում՝ նշելով, թե քննարկել են իրավիճակը ռազմի դաշտում, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի հետագա ամրապնդումը, ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստումը Վաշինգտոնում։


Ավելի վաղ շվեյցարական այս քաղաքում միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում քննարկվել է Ուկրաինայի դեռևս 2022 ին ներկայացրած խաղաղության բանաձևը։ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի խոսքով՝ այդ բանաձն այն մասին է, թե ինչի վերաբերյալ պետք է բանակցել Ռուսաստանի հետ, բայց նախ՝ ուկրաինացի պատգամավորի խոսքով՝ ռուսներին պետք է ստիպել նստել այդ բանակցային սեղանի շուրջ։

«Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու միայն մեկ ճանապարհ կա՝ ուժ, ճնշում, հաղթանակներ ռազմի դաշտում։ Դա անելու այլ եղանակներ չկան: Ուստի, քանի դեռ դա տեղի չի ունեցել, «խաղաղության բանաձևի» ողջ քննարկումը դիվանագիտություն է, կարևոր է, բայց, իհարկե, դա որևէ լուրջ հետևանք չի ունենա», - ասել է նա։

Արևմուտքը չպետք է դադարեցնի Ուկրաինային զենք և փող մատակարարել, եթե ցանկանում է, որ Կիևը հաջողի պատերազմում, Դավոսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում, բայց մենք պետք է շարունակենք ուժեղացնել նրանց պայքարը», - ասել է նա՝ Համաշխարհային տնտեսական ֆորումին կոչ անելով Կիևի արևմտյան դաշնակիցներին շարունակել զենք մատակարարել Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG