Մատչելիության հղումներ

Հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները․ Մհեր Գրիգորյան


Մհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև
Մհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին, «Ազատության»-ը փոխանցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ կոնկրետ օրը, ժամը և վայրը պետք է լրացուցիչ համաձայնեցվի։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամիս և «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 2-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։

XS
SM
MD
LG