Մատչելիության հղումներ

Ալիևն ուղիղ ասաց, որ զորքերը հետ չի քաշելու Հայաստանից. Տիգրան Գրիգորյան


Ալիևն ուղիղ ասաց, որ զորքերը հետ չի քաշելու Հայաստանից, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:

«Ազատություն». - Թվում էր՝ կողմերը քիչ թե շատ մոտեցրել էին դիրքորոշումները, ավելի շատ Երևանից հնչող հայտարարություններից դատելով, բայց Ալիևի վերջին հարցազրույցը կարծես լրիվ հակառակի մասին էր: Նա խառնե՞ց խաղաքարտերը:

Գրիգորյան. - Չեմ կարծում, թե Ալիևն ինչ-որ նոր բան ասաց: Մեծ հաշվով՝ Բաքուն փորձում է բոլոր խնդրահարույց կետերը խաղաղության պայմանագրի օրակարգից հանել: Այսինքն՝ կարող է ինչ-որ բան ստորագրեն, բայց այդ փաստաթղթի ներսում ոչ մի բան չլինի, ոչ մի հարց չլուծվի:

«Ազատություն». - Ավելին՝ այդ փաստաթուղթը, փաստորեն, կարող է իր հետևում խնդիրների մի մեծ թնջուկ թողնել՝ սկսած սահմանից մինչև միջանցք և այլն, ավելի բարդացնի իրավիճակը:

Գրիգորյան. - Վստահաբար: Եթե, օրինակ, ստորագրվում է փաստաթուղթը, բայց Ադրբեջանի զորքերը շարունակում են մնալ Հայաստանի տարածքում, եթե այդ գյուղերի հարցով պայմանավորվածություն չկա, ապաշրջափակման թեմայով ևս, եթե Ադրբեջանը շարունակում է պնդել, օրինակ, ռուսական ներկայության վրա՝ այդ ճանապարհին, երեկ ուղիղ տեքստով Ադրբեջանն այդ մասին խոսեց: Ես վերջին շրջանում չեմ հիշում, որ Ադրբեջանից նմանատիպ հայտարարություններ լինեին: Այսինքն՝ խոսում էին անխոչընդոտ անցման մասին, բայց հրապարակային հայտարարությունների մակարդակում կարծես թե ռուսական ներկայության մասին վերջերս խոսակցություն չէր գնում: Բայց այս փուլում, մեծ հաշվով, Ադրբեջանը պահանջում է և՛ սահմանային ու մաքսային ստուգման բացակայություն, և՛ ռուսական ինչ-որ ծառայության ներկայություն այդ ճանապարհի վրա: Երրորդ ուղղությունը՝ հենց այդ երաշխիքների հարցը, այստեղ տեսնում ենք ևս, որ այս հարցը պետք է լուծել երկկողմ ձևաչափով:

«Ազատություն». - 70-ականների քարտեզի մասին էլ նա կարծես առաջին անգամ շատ կտրուկ մերժեց, ու եթե Ալիևին լսենք, Երևանի ճակատագիրն էլ դեռ պետք է որոշվի, որովհետև նա 40-ականների ինչ-որ քարտեզ էր վկայակոչում, ասում, որ այդ ժամանակ է Երևանը տրվել Հայաստանին:

Գրիգորյան. - Գիտենք, որ այդ գործընթացի սկզբից Ադրբեջանը պնդում էր, այսպես կոչված, պատմական քարտեզների օգտագործման վրա, հստակ չէր, թե ինչ նկատի ունեին այդ պատմական քարտեզներ ասելով, առնվազն հրապարակայնորեն երբեք չէին նշել դրա մասին, բայց այդ հարցազրույցի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի նախագահը բացատրեց, թե ինչ նկատի ունեն նրանք: Այսինքն՝ պնդում են, որ կամ պետք է օգտագործվի առաջին հանրապետությունների շրջանի քարտեզները, կամ էլ սովետիզացիայի փուլի քարտեզները: Հետաքրքրական է նաև, որ հնչեցրեց թվեր՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքը մինչև այդ բոլոր փոփոխությունները 100 հազար քառ. կմ էր, այսինքն, դատելով այդ հայտարարությունից, կարելի է եզրահանգել, որ Ադրբեջանն առնվազն 14 հազար քառ. կմ տարածքի նկատմամբ Հայաստանի հավակնություն ունի: Սա կարող է, իհարկե, ներքին սպառման համար արված հայտարարություն լինի, սա կարող է պրակտիկ դաշտում ոչինչ չնշանակի, բայց գիտենք, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին պետք է բավականին լրջորեն մոտենալ, որովհետև շատ հաճախ այն, ինչ նա հայտարարում է, որոշ ժամանակ հետո կյանքի է կոչվում:

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, այդ տրամաբանությամբ արդեն մի քանի օրից սահմանազատման հանձնաժողովի նիստն է, ի՞նչ պիտի դնեն նրանք սեղանին:

Գրիգորյան. - Կարծում եմ՝ հենց այդ հարցերն էլ կքննարկեն: Օրինակ՝ այդ 4 ոչ անկլավային գյուղերի հարցը, որը կարծես թե Ադրբեջանն այս փուլում բարձրացնում է, որպես հայելային դիրքորոշում հենց Հայաստանի օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերմանը: Այսինքն՝ Հայաստանը պնդում է, որ այս գործընթացում մինչև փաստաթղթի ստորագրելը կամ միգուցե փաստաթղթի ստորագրումից հետո առնվազն պայմանավորվածություն լինի, որ Ադրբեջանը զորքերը հետ է քաշում 21 թվականի մայիսից զբաղեցրած տարածքներից, ու Ադրբեջանը՝ որպես հայելային դիրքորոշում, որպես հակափաստարկ Հայաստանի այդ պնդմանը, բերում է հենց այդ 4 գյուղերի օրինակը: Ավելին՝ Ադրբեջանը բերում է հետևյալ հակափաստարկը, որ՝ այո, մենք զբաղեցրել ենք 21 թվականի մայիսին Հայաստանի որոշ տարածքներ, բայց այդ տարածքի ներսում բնակավայրեր չկան, իսկ դուք ի դեմս այդ 4 գյուղերի զբաղեցրել եք բնակավայրեր, դրա համար մենք նույնիսկ զիջման կգնանք, եթե այս ճանապարհով առաջ գնանք: Բայց կարծում եմ, եթե նույնիսկ Հայաստանը համաձայնի այդ տարբերակին, Ադրբեջանն, իհարկե, զորքերը հետ չի քաշելու 21 թվականից օկուպացված տարածքներից, ու Ալիևը բավականին ուղիղ տեքստով այդ մասին խոսեց:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ներքևում.

XS
SM
MD
LG