Մատչելիության հղումներ

Stratfor. Հնարավոր է առաջընթաց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ, բայց նոր բախումների կամ պատերազմի վտանգը կմնա


Եվրամիության դիտորդները պարեկություն են իրականացնում հայ - ադրբեջանական սահմանին, արխիվ
Եվրամիության դիտորդները պարեկություն են իրականացնում հայ - ադրբեջանական սահմանին, արխիվ

Ամերիկյան հեղինակավոր Stratfor-ի կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է առաջընթացի հասնեն խաղաղ համաձայնագրի շուրջ, բայց նոր բախումների կամ լայնամասշտաբ պատերազմի վտանգը կշարունակի մնալ առկախ, քանի որ Ադրբեջանը փորձում է պահել ճնշումը Երևանի նկատմամբ։

Ըստ վերլուծական կենտրոնի, բանակցությունների հիմնական խոչընդոտը տարաձայնություններն են տարանցիկ ուղիների, մասնավորապես՝ դրանց կիրառման պայմանների հարցում:

«Հայաստանը կօգտագործի Արևմուտքի հետ խորացող քաղաքական կապերն և այդ ճամբարից ստացվող ռազմական աջակցությունը՝ Բաքվի կոշտ պահանջներին դիմակայելու համար: Բայց, հաշվի առնելով, որ Հայաստանը շատ քիչ լծակներ ունի, Երևանը, հավանաբար, կընդունի Բաքվի պահանջները՝ Հայաստանի հարավով տարանցման և ընդհանուր սահմանի դեմարկացիայի վերաբերյալ», - կանխատեսում է ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը:

Ըստ Stratfor-ի՝ փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ ընտրություններում ակնկալվող հաղթանակից հետո նախագահ Ալիևը կշարունակի ամրապնդել ռազմական ներուժը Հայաստանի հետ սահմանների երկայնքով՝ հնարավոր ներխուժման նախապատրաստվելու և խաղաղ բանակցություններում ճնշման հավելյալ լծակներ ձեռք բերելու համար: Ընդ որում, ըստ վերլուծաբանների, «եթե տարվա առաջին վեց ամիսներին զգալի առաջընթաց չգրանցվի, վտանգը, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի հարավից մի զգալի մաս պոկել, կմեծանա ամռանը, երբ լայնածավալ ռազմական գործողության համար պայմաններն օպտիմալ կլինեն»։

Ամերիկյան Stratfor-ը վերլուծել է նաև հնարավոր աշխարհքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում, արձանագրելով՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում իսպառ չի վերանա, չնայած Երևանը գնալով ավելի ու ավելի հաճախ է ազդանշաններ հղում Մոսկվայից հեռանալու մտադրության մասին. - «Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ կազմում, տնտեսությունն էլ սերտորեն կապված է ռուսական տնտեսության հետ»:

Մյուս կողմից, ըստ Stratfor-ի, էական աճ կարձանագրեն Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններն ու առևտրային կապերը։ «Դրանք կհասնեն նոր բարձունքների», - կանխատեսում են ամերիկացի վերլուծաբանները, մանրամասնելով՝ Բաքուն կնպաստի հյուսիս-հարավ ենթակառուցվածքի զարգացմանը, որը կապում է Ռուսաստանն Իրանի հետ:

Չբացառելով Հայաստանի հանդեպ նոր հարձակման հնարավորությունը՝ ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը նշում է. - «Եթե Բաքուն ներխուժի Հայաստան՝ ցամաքային կապ հաստատելու Նախիջևանի հետ, Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արևմուտքի ճնշման տակ, և չի բացառվում, որ փոխեն արտաքին քաղաքական կողմնորոշումը և թեքվեն Արևմուտքից՝ ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ»:

Ուկրաինական պատերազմը կավարտվի, մինչ բանակցությունների հեռանկարը մնում է խիստ անորոշ

Ըստ Stratfor-ի, 2024-ին Կիևին հատկացվող արևմտյան ֆինանսական ու ռազմական աջակցությունը կնվազի՝ սահմանափակ ռեսուրսների ու քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Միաժամանակ, թեև իրավիճակը ռազմադաշտում մտել է փակուղի, հրադադար կամ առարկայական բանակցություններ Մոսկվայի ու Կիևի միջև դժվար թե լինեն։

«Ուկրաինան հետաքրքրված չէ բանակցություններով, քանի որ դեռևս չկան նշաններ, որ Արևմուտքն անվտանգության բավարար երաշխիքներ կտա ռուսական նոր ագրեսիան կանխելու համար, ինչը նշանակում է, որ այս փուլում հրադադարը պարզապես հնարավորություն կտա Մոսկվային ժամանակ շահել և վերախմբավորել ուժերը», - փաստում է Strafor-ը, հավելելով՝ այսքանով հանդերձ, մեծ չէ նաև հավանականությունը, որ կողմերից որևէ մեկը 2024-ին էական հաջողության կհասնի, քանի որ երկու ճամբարում էլ մարդկային ներուժի ու ռազմական տեխնիկայի զգալի պակաս կա, մինչդեռ առաջնագիծը գնալով ընդլայնվում է։

Ռուսաստանում ցնցումների ու նոր, լայնածավալ մոբիլիզացիայի հավանականությունը՝ փոքր

Պուտինը, ըստ Stratfor-ի, կհաղթի առաջիկա մարտին կայանալիք նախագահական ընտրություններում և կպահպանի ամուր դիրքերը, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը մնում է կայուն՝ ռազմարտադրության ոլորտում կատարվող աննախադեպ ներդրումների ու սոցիալական ոլորտի շարունակական կրճատումների ֆոնին: Փաստացի, խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ` այս տարի Ռուսաստանի բյուջեի մեկ երրորդից ավելին ծախսվելու է անվտանգության և ռազմական արտադրության վրա։

Գնաճը կմնա բարձր, ռուբլու փոխարժեքը կշարունակի նվազել, բայց ո'չ մեկը, ո'չ մյուսը քաղաքական զգալի հետևանքներ չեն ունենա։

«Հավանականությունը, որ Կրեմլը ևս մեկ լայնածավալ մոբիլիզացիա կհայտարարի, ինչպես պատերազմի սկզբում, մեծ չէ», - գրում է Stratfor-ը, փաստելով, որ Պուտինի համար առավել նախընտրելի է ներկայիս տարբերակը՝ ստվերային զորահավաքը։

«Արևմուտքը կշարունակի իր կատվի ու մկան խաղը` ուժի մեջ պահելով պատժամիջոցներն ու Մեծ յոթնյակի կողմից ռուսական նավթի գնի առավելագույն շեմը, սակայն պատժամիջոցները շրջանցելու և մատակարարման անօրինական ցանցեր կիրառելու շնորհիվ Ռուսաստանը կշարունակի եկամուտներ ստանալ», - ընդգծում է ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը:

2024-ը, ըստ Stratfor-ի, վճռորոշ է լինելու նաև Վրաստանի ու Մոլդովայի համար, որտեղ այս տարի ընտրություններ են նախատեսված։ Վրաստանը նոր խորհրդարան կընտրի տարեվերջին, Մոլդովան աշնանը նախագահական ընտրություններ կանցկացնի: «Երկուսն էլ քննություն են՝ ստուգելու նրանց արևմտյան կողմնորոշումներն ու Եվրամիությանն անդամակցելու հավակնությունները», - նշում է Stratfor-ը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG