Մատչելիության հղումներ

Մի խումբ ուսուցիչներ ցույցի էին դուրս եկել ԿԳՄՍՆ շենքի դիմաց


Շաբաթներ առաջ աշխատանքից ազատման հրամաններ ստացած մի խումբ ուսուցիչներ՝ տարբեր մարզերից, քաղաքներից ու գյուղերից, առավոտից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց ցույցի էին ելել. անարդարությունից են դժգոհում, պնդում են՝ իրենց հետ սխալ են վարվել:

«Էսօր ես ամոթ եմ անում տնից դուրս գալ, որովհետև վատ եմ զգում, որ աշակերտը ինձ պիտի բարևի, ես չկարողանամ իր բարևին պատասխանել», - ասաց մի ուսուցչուհի:

«Ես շատ վիրավորված եմ Կառավարությունից, որոշումից», - նշեց մյուսը:

Հարցը երկար ու ձիգ տարիների նախապատմություն ունի. օրենքի պահանջով՝ դպրոցում աշխատող ուսուցիչը բարձրագույն կրթություն պետք է ունենա, երկրի ավելի քան 1300 ուսուցիչներ, սակայն, մինչ օրս դպրոց էին մտնում միջին մասնագիտականի դիպլոմով, պետությունն ընդառաջում էր, նրանց թույլ էր տալիս շարունակել դասավանդել ու այդ ընթացքում ուսանել։ Այս տարի գործադիրը քայլերի դիմեց, առաջարկելով՝ «կամ ազատվում եք, կամ էլ՝ մասնակցում կամավոր ատեստավորման գործընթացին. անցողիկ շեմը հաղթահարեք՝ շարունակեք աշխատել, մյուսներին՝ ցտեսություն»։

«Իբր մեզ ասացին՝ հնարավորություն ենք տալիս, որպեսզի դուք հանձնեք և նորից շարունակեք ձեր աշխատանքը: Ես կարծում եմ, որ մեզ պետք է առանց նախապայմանի թույլ տային՝ որպես երկար տարիների մանկավարժ», - ասաց մեկ այլ ուսուցչուհի:

Նախարարության դիմաց ատեստավորումը չհաղթահարածներն էին. անցողիկ շեմը հաղթահարելու համար ոմանց ընդամենը մի քանի միավոր չի բավականացրել, ոմանք թեստերի որակից են դժգոհում, մյուսներն էլ իրենց ստուգելու այս տարբերակն են վիրավորական համարում, ողջ գործընթացն, ըստ ուսուցիչների, անարգում է իրենց տասնամյակների փորձը.

«34 տարի ես ինքս աշխատել եմ, նվիրվել եմ գյուղում, նվիրված ուսուցիչ եմ եղել, սիրված ուսուցիչ եմ եղել՝ կոլեկտիվի կողմից, աշակերտների կողմից, ծնողների կողմից: Բոլորը կարող են հավաստել, ի՞նչ է՝ հաջորդ անգամ պետք է բոլորին, ամբողջ գյուղին հավաքենք բերե՞նք»:

Ուսումնական տարվա ընթացքում, երբ դեռ մատյաններն անգամ կիսամյակի ցուցանիշներով չէին ամփոփել, ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին տեղեկացրին՝ հեռացված են։ Այլ տարբերակ կամ առաջարկ չկա։ Թե քանի ուսուցիչ է ազատվել, նախարարության ներկայացուցիչն էլ կոնկրետ թիվ չասաց։ Մի քանի անգամ հարցրինք՝ 1300-ից ավելի մանկավարժներից քանի՞սն են հաղթահարել անցողիկ շեմը, մոտավոր պատասխան էլ չհնչեց. հորդորեցին հարցում ուղարկել:

Բողոքող ուսուցիչներին կեսօրից հետո կրթության նախարարն ընդունեց։ Հանդիպումը փակ էր լրագրողների համար. ուսուցիչները փոխանցեցին Ժաննա Անդրեասյանի պատասխանը՝ «մենք ձեզ կօգնենք, կաջակցենք, դիմեք բուհ ու սովորեք»։ Նույն պատմությունը, սակայն, էլ չի կրկնվի. դիպլոմ չունե՞ք՝ դաս մի տվեք, լաբորանտ կամ գրադարանավար աշխատեք։

XS
SM
MD
LG