Մատչելիության հղումներ

Դպրոցների զինղեկերը բողոքում են՝ իրենց մեկ դրույքաչափն ու աշխատավարձը կրճատվել է, ԿԳՄՍ-ն դեռ չի արձագանքում


Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկան դասավանդող ուսուցիչները նոր ուսումնական տարում անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ իրենց մեկ դրույքաչափը, հետևաբար նաև աշխատավարձը կիսով կրճատվել է։

Շիրակցի ուսուցիչները երեկ փորձեցին մարզպետարանից տեղեկանալ, թե կրթության նախարարությունը ինչու է որոշել կրճատել և՛ դրույքաչափը, և՛ աշխատավարձը։

«Փոփոխությունների հետ կապված տեղի է ունեցել դասարանների բաշխման դասավանդում բառի ավելացումը, որը բերել է էս ամբողջ հիմնական երևույթին։ Այսինքն՝ ավագ դպրոցներում դարձել է 4 դասավանդող դասարան, հիմնական դպրոցներում 6 դասավանդող դասարան, իսկ միջնակարգ դպրոցներում 8 դասավանդող դասարան, որպեսզի ստանան մեկ դրույք աշխատավարձ, իսկ ներկայիս ՀՀ բնակչության թվի և արտագաղթի պայմաններում էդ դասարանների թիվը չունենք, հետևաբար դառնում է կես դրույք», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

«Էս դրույքով ոչ ոք չի մնա»

Կես դրույքով Հայաստանում սահմանված նվազագույն՝ 75 հազար դրամ աշխատավարձը նույնիսկ չեն ստանալու, դժգոհում էին զինղեկերը։

«Նվազագույն աշխատավարձի չափը 75 հազար դրամ է, մեր աշխատավարձը կկազմի մաքսիմում 60 հազար դրամ, էս հավաքված անձնակազմի գերակշռող մասը տարիներ շարունակ սահմանամերձ հատվածներում ծառայություն են մատուցել հայրենիքին, էսօր պահետազորի սպաներ են, էսօր փաստացի ընտանիք են պահում, և էդ աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել», - ասաց մեկ այլ զրուցակից՝ նշելով՝ էսպես դուրս են մղում զինղեկերին դպրոցներից։

«Էս դրույքով ոչ ոք չի մնա, գործառույթները շատ են, դրույքը շատ քիչ է», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Առարկան դասավանդվում է 8-12-րդ դասարաններում

Նախնական զինվորական պատրաստություն առարկան դասավանդվում է 8-12-րդ դասարաններում։ Նպատակը, ինչպես նշված է կրթական նոր չափորոշիչներում, աշակերտներին կրակային, շարային, մարտավարական, ֆիզիկական պատրաստություն, առաջին օգնության հիմունքներ սովորեցնելն է։

Բողոքող զինղեկերը երկրի անվտանգային անկայուն իրավիճակն ու մարտահրավերները մատնացույց անելով ասում էին՝ հակառակը պետությունը պետք է ավելի կարևորի առարկայի դասավանդումը, ժամերն ավելացնի ու տեխնիկական հագեցվածության մասին մտածի։

«Մենք որպես մասնագետներ, բազմիցս բարձրացրել ենք խնդիրներ, որ մենք դպրոցներում ունենք գույքային լուրջ խնդիրներ, որոնք բերում են գործնական աշխատանքների նվազմանը։ Այսինքն՝ փոխանակ մենք ավելացնենք երեխաների գործնական աշխատանքը և ավելի պատրաստված ուղարկենք Զինված ուժեր ծառայության, մենք էսօր հակառակը՝ կատարում ենք հետքայլ», - ասաց բողոքող զինղեկերից մեկը։

Կրթության վարչության մասնագետներն ընդունեցին բողոքով մարզպետարան հասած զինղեկերին, խոստացան նրանց պահանջները ներկայացնել կառավարությանը։

Կրթության նախարարությունից առայժմ չեն արձագանքել այս բողոքներին։

Տավուշի մարզում փորձարկումից հետո կրթական նոր չափորոշիչները Հայաստանի բոլոր դպրոցներում գործում են այս սեպտեմբերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG