Ամերիկյան զինված ուժերի երկու F-16 կործանիչներ այսօր ցուցադրական թռիչքներ են իրականացրել Բոսնիայի երկնքում՝ «այդպիսով ընդգծելով ԱՄՆ աջակցությունը երկրի տարածքային ամբողջականությանը»։ Այս մասին ասված է Սարաևոյում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հայտարարության մեջ։
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ կործանիչները թռիչքներն իրականացրել են բոսնիական բանակի հետ համատեղ զորավարժությունների շրջանակում։
Զորախաղերը կազմակերպվել են Բոսնիայի Սերբական հանրապետության ղեկավար Միլորադ Դոդիկի վերջին կոշտ հայտարարությունների ֆոնին։ Դրանցում տեղի սերբերի առաջնորդը չէր բացառել, որ իր ղեկավարած հանրապետությունը կարող է դուրս գալ Բոսնիայի կազմից՝ չեղարկելով 1995 թվականին կնքված Դեյթոնի համաձայնագիրը։