Մատչելիության հղումներ

Սուր շնչառական վարակներ. հայաստանյան հիվանդանոցներում 579 մարդ է հոսպիտալացված, 90 տոկոսը՝ երեխաներ


Իջևանցի 5 ամսական Դավիթի առողջական վիճակը բարդացել է սուր շնչառական վարակի հետևանքով՝ վիրուսը բրոնխներում է:

«Թթվածինն իջել էր 86, ինքը շատ փոքր է, Իջևանում չպառկեցրին, ասացին, որ բերենք Երևան, ուղեգրով եկանք այստեղ՝ սուր բրոնխիոլիտով: Այսօր 5-րդ օրն է, ամսի 4-ին այստեղ 5 ամսականը լրացավ», - ասաց Դավիթի մայրը:

4 ամսական Եվայի մայրիկն էլ պատմում է. - «Չէր կարողանում բալիկս նորմալ քնել, շունչն անընդհատ կտրվում էր ու խորխով հազում էր: Երբ եկանք հիվանդանոց, թոքերը լսեցին, ասացին՝ բրոնխիոլիտ է»:

Երեկվա տվյալներով՝ սուր շնչառական վարակների պատճառով հայաստանյան հիվանդանոցներում 579 մարդ է հոսպիտալացված, 90 տոկոսը՝ 0-18 տարեկան երեխաներ: Հոսպիտալացվածներից 181-ի մոտ թոքաբորբ է հաստատվել, մեծ մասը դարձյալ անչափահասների մոտ: Վերակենդանացման բաժանմունքներում 87 մարդ է այս պահին բուժում ստանում, այստեղ արդեն 95 տոկոսն են երեխաներ: Սրանք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վերջին տվյալներն են, այսօրվա տվյալները կհրապարակվեն վաղը:

ՀՎԿԱԿ մասնագետը կանխատեսում է՝ վաղն այս թվերը կտրուկ կաճեն, դասերը վերսկսվել են

Համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը կանխատեսում է՝ վաղն այս թվերը կտրուկ կաճեն, դասերը վերսկսվել են:

«Նախանշաններ ունենալու դեպքում երեխաներին չուղղորդել ուսումնական հաստատություններ և նախադպրոցական կազմակերպություն, այն անձինք, ովքեր չեն պատվաստվել գրիպի նկատմամբ, կարող են պատվաստվել, ովքեր ունեն ախտանշաններ ու ամեն դեպքում պետք է տնից դուրս գան, գոնե այդ դեպքում անպայման կրել դիմակ», - ասաց Ռոմելլա Աբովյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում շրջանառվում են գրիպի Ա և Բ տիպերն ու դրանց ենթատեսակներից օրինակ՝ խոզի գրիպը՝ H1N1-ը և մյուսը՝ H3N2-ը: Զուգահեռ նաև սուր շնչառական վարակի մի քանի այլ տեսակ է շրջանառվում:

Սրանց ախտանշնաններն ու ծանրության աստիճանները տարբեր են: Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 7-ը բուժօգնություն է ստացել և շարունակում է ստանալ սուր շնչառական հիվանդություններով ընդունված 0-4 տարեկան 119 երեխա, նրանցից միայն 2-ի մոտ է արձանագրվել կորոնավիրուսային վարակ: Սա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հրապարակած տվյալներն են: Այս պահին կլինիկայում թոքաբորբով 21 երեխա է բուժում ստանում:

Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը շարունակում է տարակուսել՝ ինչո՞ւ պետք է փոքրիկները վարակվեն գրիպով, եթե կա պատվաստանյութ, որն ամբողջությամբ կանխում է դրա ծանր ընթացքը:

«Գրիպ ասելով շատ-շատերը հասկանում են ուղղակի քթահոսություն, բայց կոնկրետ մենք խոսում ենք գրիպի վիրուսով հարուցված գրիպ հիվանդության մասին, որը ծանր ընթացքով հիվանդություն է և մոտ 7 օր կարող է մինչև 40 աստիճան ջերմություն լինել, ինդոկսիկացիայի ախտանշաններ լինել, մարմնի ցավ լինել, թուլություն, ախորժակի կորուստ, հեղուկների ընդունումից հրաժարում և, բնականաբար, եթե երեխան էլ փոքր տարիքի է, հասկանում ենք, որ այս ողջ կլինիկական պատկերի արտահայտվածությունն ի վերջո ավարտվում է հոսպիտալիզացիայով շատ հաճախ», - ընդգծեց Դարակչյանը:

3 ամսական Հայկն, օրինակ, ավելի քան մեկ շաբաթ է թթվածնի օգնությամբ է շնչում, նրան կապտած են հիվանդանոց հասցրել, մյուս փոքրիկն էլ դպրոցական քույր- եղբայրներից է վարակվել:

Բժիշկների խորհուրդը նույնն է՝ պատվաստվել գրիպի դեմ

Գրիպի այս երկու տիպերն իրենց ենթատեսակներով ու սուր շնչառական վարակները գրեթե նույն ախտանշաններն են ունենում՝ քթահոսություն, ջերմություն: Բայց շրջանառվող սուր շնչառական վիրուսային վարակներից մեկը միանգամից բրոնխներն է վնասում: Դարակչյանն ասում է՝ չեն հասցնում առողջացած բալիկներին դուրս գրել, մյուսներին են ընդունում:

«Ծանրաբեռնվածությունը շատ է հիմնականում, քանի որ երկարատևություն կա հիվանդների, դժվարանում են շատ արագ դուրսգրում ապահովել, որովհետև ծնողներն էլ ահաբեկված են այդ ծանր ընթացքից ու ուզում են լիարժեք առողջացած տուն գնալ: Բոլոր տեղերը, որոնք ազատվում են, արագ լրացվում են նոր հիվանդներով», - ներկայացրեց բժիշկը:

Բժիշկների խորհուրդը նույնն է՝ պատվաստվել գրիպի դեմ, մինչև գրիպի սեզոնը. այն սկսվում է հոկտեմբերին, ավարտվում՝ մայիսին: Հայաստանում նաև քովիդի վարակ կա: Դեպքերն, ըստ մասնագետների, քիչ են՝ երեկվա տվյալներով՝ 130-ը: Այս թիվն, ըստ ՀՎԿԱԿ մասնագետի, նախորդ 14 օրերի համեմատ 11-ով նվազել է: Ռոմելլա Աբովյանն ասում է՝ քովիդի դեմ համատարած պատվաստումներն ու կայուն իմունիտետն իրենց գործն արել են, քովիդով ավելի քիչ են ծանր դեպքերը, գրեթե չկան, բայց նաև քովիդի դեմ պատվաստանյութ չկա երկրում:

«2023-ին 3 անգամ հայտարարվել է գնման ընթացակարգ, սակայն չեն կայացել գնային առաջարկ չներկայացնելու հիմքով։ Միջազգային գործընկերներին նույնպես դիմել ենք, սպասում ենք առաջարկներին», - փոխանցեցին Առողջապահության նախարարությունից՝ այդպես էլ չհստակեցնելով ովքե՞ր պետք է գնային առաջարկ ներկայացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG