Մատչելիության հղումներ

Իտալիայի արտգործնախարարը ԵՄ բանակ ստեղծելու կոչ է անում


Անտոնիո Տայանի
Անտոնիո Տայանի

Եվրամիությունը (ԵՄ) պետք է բանակ ունենա, որը խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխման գործում մեծ դեր կարող է ունենալ, իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին:

«Եթե մենք ցանկանում ենք աշխարհում խաղաղապահներ լինել, մեզ անհրաժեշտ է եվրոպացի զինվորական: Եվ սա հիմնարար նախապայման է՝ արդյունավետ եվրոպական արտաքին քաղաքականություն ունենալու համար»,- ասել է նա՝ շեշտելով՝ պաշտպանության ոլորտում եվրոպական ավելի սերտ համագործակցությունը իր ղեկավարած Forza Italia (Առա՛ջ, Իտալիա) կուսակցության համար առաջնահերթություն է:

«Աշխարհում Միացյալ Նահանգների, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի նման հզոր խաղացողներով, Մերձավոր Արևելքից մինչև Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ճգնաժամերով՝ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Սլովենիայի քաղաքացիները կարող են պաշտպանվել միայն գոյություն ունեցածով, որը կոչվում է Եվրամիություն»,- հավելել է նա։

Ըստ Իտալիայի արտգործնախարարի՝ եվրոպական պաշտպանական համագործակցությունը քաղաքական օրակարգ է բարձրացել գրեթե երկու տարի առաջ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Անտոնիո Տայանին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հիմնած և առաջնորդած Forza Italia կուսակցության առաջնորդը դարձավ անցած տարի՝ Բեռլուսկոնիի մահից հետո։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով իտալացի իր գործընկերոջը, նախ խորհուրդ է տվել քովիդի դեմ սեփական պատվաստանյութը ստեղծելու մասին մտածել, կամ միջազգային պարտավորություններին համապատասխան Եվրամիության սահմանները պաշտպանել, փախստականների, միգրանտների հարցը լուծել և նոր ԵՄ բանակ ստեղծելու մասին մտածել։

«Ի դեպ, ես ամբողջովին մոռացել էի․ միասնական բանակ ստեղծելուց առաջ լավ կլինի հասկանալ, թե ինչ վառելիքով է այն աշխատելու։ Թե չէ հետո Բրյուսել կժամանի ԱՄՆ նախագահը և կասի, որ կբարձրացնի վառելիքի գները, եթե ԵՄ բանակը չհարձակվի նրանց վրա, ում նա մատնացույց կանի»,- Տելեգրամի իր էջում գրել է Զախարովան։

XS
SM
MD
LG