Մատչելիության հղումներ

«Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում». Գարեգին Բ


«Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում», - Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ ուղղելով իր պատգամը։

Կաթողիկոսը խոսեց աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, տեղահանված արցախցիների մասին։

«Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։ Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեկտեղենք մեր ջանքերը փորձությունները հաղթահարելու համար և ավետարանչի խոսքերի ճշմարտությունը ցոլացնենք մեր կյանքում. «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց», - հայտարարել է Գարեգին Բ-ն:

Իր այսօրվա պատգամով Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորեց նախանձախնդիր լինել հայրենի պետության հզորացմանը և «համախմբվել միասին՝ մեր ողջ ներուժով կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները»։ «Վերացնենք արհեստականորեն մեր մեջ ստեղծված անջրպետները, ապրենք միմյանց հանդեպ սիրով, որ երկնային օրհնությամբ պայծառանան հայրենական ու ազգային մեր անդաստանները, ինչպես Ավետարանում է ասվում», - նշել է նա:

«Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG