Մատչելիության հղումներ

Հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ունենալ անձնական օգնական, միայն թե «օրենքի սահմանափակումները չափազանց շատ են»


Կառավարության որոշմամբ՝ այս տարվանից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել անձնական օգնական ունենալու համար, որոնց ամսական առավելագույնը 140 ժամ աշխատանքի դիմաց կվճարի կառավարությունը։

«Այս ծառայության ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառելուն՝ բացառելով նրա մեկուսացումը համայնքից», - ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Տեսողության խնդիր ունեցող Վահան Դիշլանյանն ամեն օր Վաղարշապատից մենակ, առանց ուղեկցության է գնում Երևանի Պետհամալսարան դասի, վերադառնում տուն։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքով վաղուց նախատեսված այս դրույթը եթե այս տարվանից ի վերջո սկսի գործել, Վահանը կարող է խնդրել իր օգնականին՝ ուղեկցել իրեն համալսարան, գրադարան, այլ վայրեր, կարդալ մասնագիտական գրականություն, որն իրեն հասանելի չէ, և այլն։

«Անձնական օգնականը ավելի շատ ոնց որ անձի անկախ կյանքին միտված ծառայություն է, այսպես եթե ասեմ, ինքը ավելի շատ ոնց որ օգնում է, որ հաշմանդամություն ունեցող մարդը ապրի անկախ կյանքով, այսինքն՝ ունենա անկախ կենցաղավարություն, ազատ տեղաշարժ, հաղթահարելու միջավայրային արգելքները, ինֆորմացիան ստանալու առումով է օգնում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Դիշլանյանը:

Կառավարության այսօր ընդունած որոշմամբ մանրամասն սահմանվում է կարգը, թե ինչպես պետք է ձեռք բերել անձնական օգնականի, ինչ գործառույթներ ունի նա, ինչ սկզբունքներով պետք է աշխատի, և այլն։ Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է վերահսկի անձնական օգնականների աշխատանքը:

«Օրինակ՝ բժշկի այցելություն, որ ես չեմ ցանկանում շատ հաճախ իմ ընտանիքի անդամների հետ կազմակերպել, կամ իերքն ևս ունեն զբաղվածություն, և ես պետք է հարմարեցնեմ, բայց եթե, օրինակ, ունենամ անձնական օգնական, ես ցանկացած պահի կարող եմ ինձ անհանգստացնող խնդրի պարագայում այցելել բժշկի, որովհետև մեր հիվանդանոցներում էլ չկան այդ սոցիալական աշխատողները, որոնք կարող են աջակցել հաշմանդամություն ունեցող անձին», - ասաց Վահան Դիշլանյանը:

Անձնական օգնականի համակարգ ներդնելիս կառավարությունն օգտվել է արևմտյան բազմաթիվ երկրների հաջողված փորձից, որտեղ այս ծառայությունը վաղուց հասանելի է հաշմանդամություն ունցող անձանց համար։ Միայն թե օրենքն ու կառավարության որոշումը լավ ուսումնասիրած մասնագետների խոսքով՝ կարգը դեռ շատ պետք է բարելավվի, որ մարդիկ իսկապես կարողանան ազատորեն օգտվել ծրագրից: Մինչ այդ, հասարակական կազմակերպությունների տասնյակ առաջարկներ նախարարությունը մերժել է։

«Իրականում խնդիրներից հիմնականը կապված էր նրա հետ, որ կար ընտանիքի անդամի արգելք՝ որ ընտանիքի անդամ հանդիսացող անձը չէր կարող լինել անձնական օգնական, և դա մեր առաջարկներից մեկն էր եղել: Մենք առաջարկում էինք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ազատորեն կարողանան ընտրել իրենց օգնականին և սահմանափակված չլինեն որևէ հանգամանքով, այդ թվում՝ կարողանան ընտրել իրենց ընտանիքի անդամին, և դա գրավոր առաջարկների մեջ է եղել, հանրային քննարկման ամփոթաթերթում ևս կար, որը մերժվել էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության ղեկավար Մուշեղ Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ օրինակ այդ կետի վերաբերյալ հանրային քննարկման ընթացքում բազմաթիվ փաստարկներ էին ներկայացրել, վստահեցնելով, որ ընտանիքի անդամը ևս կարող է դառնալ վճարովի անձնական օգնական, եթե հաշմանդամություն ունեցող անձը նրան ընտրում է: Նախարարությունը դեմ էր արտահայտվել, սակյան Կառավարության նիստի ընթացքում այդ հարցը լուծվեց ընդամենը մի քանի րոպեում, երբ դրան կողմ արտահայտվեց վարչապետը։

«Ի՞նչն է պրոբլեմը: Ես էլի եմ ասում՝ մեր էդ անընդհատ սահմանափակումները որ դնում ենք, որ ասում ենք՝ մասնագիտական հանրության հետ քննարկում, ամենայն հարգանքով՝ բայց սա նաև քաղաքական մոտեցման խնդիր է, էստեղ մենակ մասնագիտական հարց չի, քաղաքական մոտեցման խնդիր է: Իսկ մենք հասկանում ե՞նք, որ ամեն անգամ, եթե էդ ընտանիքը ուզում է, դա ուրիշ խնդիր, բայց ընտանիքը չի ուզում, և այլն, հնարավորություն ունի՝ մենք դրսից մարդ ենք բերում, փաստացի դնում ենք էդ ընտանիքի մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ծրագրի մեկնարկին հաջորդ մտահոգությունը, որ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, վերաբերում է կառավարության սահմանփակումներին. դրանք այնքան շատ են, որ շատ քչերը կկարողանան օգտվել ծրագրից։

«Կառավարության մեջ, թեև նախարարն այլ բան ասաց, բայց կա սահմանափակում, որ անձը պիտի աշխատի կամ սովորի, կամ խոստանա, որ առաջիկա երեք ամսում կա՛մ կսովորի, կա՛մ կաշխատի: Բայց դա հավելյալ սահմանափակում է, որովհետև մենք էդ ծառայությունը չենք տալիս անձին աշխատելու կամ սովորելու համար, մենք էդ ծառայությունը տալիս ենք մարդուն արժանապատիվ, անկախ կյանք ունենալու համար: Կարող է մարդը չուզենա և չկարողանա, կամ պատրաստ չլինի սովորել կամ աշխատել տվյալ պահին», - ընդգծեց Մուշեղ Հովսեփյանը:

Վիճակագրությամբ՝ հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդիկ այսօր աշխատանք են փնտրում և քանի դեռ չեն գտել, չեն կարողանա օգտվել անձանական օգնականի ինստիտուտից, մինչդեռ մասնագետների խոսքով՝ այս նախաձեռնությունը պետք է ուղղված լիներ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատիվ կյանքն ապահովելու և ոչ միայն հաշմանդամություն ունեցող աշխատող անձանց աջակցելուն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG