Մատչելիության հղումներ

Այսօրվանից փոխվում է հաշմանդամության գնահատման համակարգը


Այսուհետ առաջին անգամ հաշմանդամության համար դիմող անձը չի գնահատվելու որպես առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամ, գնահատվելու է նրա ֆունկցիոնալությունը։

Բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնում մեր այցելության պահին դիմողներ չկային։ Դիմողների բացակայության պատճառն այն չէ, որ այլևս հաշմանդամության գնահատման խնդիր չկա, պարզապես, մասնագետների կարծիքով, շատերը դեռ չգիտեն՝ փոփոխված համակարգը ի վնա՞ս, թե՞ հօգուտ իրենց կաշխատի։

«Այսօրվանից կտարածվի միայն էն անձանց վրա, որոնք որ հաշմանդամություն չունեն, արտոնություն դեռևս չունեն, իրենք նոր են դիմում մեզ», - պարզաբանում է Բժշկասոցիալական փորձաքննությունների վարչության պետ Ռիմա Եգանյանը։

Բարեփոխման նպատակը, նրա խոսքով, հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը կրճատելը չէ։ Այս պահին Հայաստանում արդեն իսկ 193 հազար հաշմանդամ կա, ընդ որում,156 հազարը՝ անժամկետ, և նոր օրենքը նրանց վրա չի տարածվելու։

«Մենք ունենալու ենք հիմնականում հինգ հիմնական ամփոփագրերով կատարվող գնահատումներ՝ տեսողության, լսողության, հենաշարժական, մտավոր և քրոնիկ։ Պիտի ծառայությունները լինեն տարբերակված», - ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը՝ հավելելով, որ նպատակը սոցիալական անարդարությունը վերացնելն է։

Տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ, նրա փոխանցմամբ, այսօր նույն չափորոշիչնեով են գնահատվում, մինչդեռ նրանց կարիքները տարբեր են։

Բժշկասոցիալական փորձաքննությունների վարչության պետն էլ վստահեցնում է՝ օգնությունը կդառնա հասցեական. - «Առաջին խմբի հաշմանդամ ունենք՝ լրիվ կուրություն ունեցող անձ։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող ունենք, որը որ ռեանիմացիայում անգիտակից պառկած է։ Ունենք առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ, որը աշխատում է, կենսագործում է՝ թեկուզ սայլակով։ Առաջին խումբ, բայց դուք տեսեք ինչ բազմազան է։ Բոլորի արտոնությունները հավասար գրված է իրավական ակտերում»։

Հիմա հաշմանդամության ամենածանր խումբը՝ առաջինը, 31 հազար դրամ թոշակով է ստանում։ Եթե պատերազմի մասնակից է, նաև զինվորական թոշակից է օգտվում։ Բայց շատերն են պնդում՝ այս գումարը չի բավարարում, հատկապես եթե անհրաժեշտ դեղերը պետպատվերի ցանկում չեն։

Նախարարությունը չի հաղորդում՝ նպաստի ի՞նչ չափ կսահմանի նոր համակարգը, կմեծանա՞, թե՞ կպակասի գումարը։ Ասում են՝ դա մեկ այլ օրենդրական բարեփոխման ընթացքում կհստակեցվի։

Պաշտոնյաները միայն պնդում են՝ նոր համակարգի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանք վերադարձնել է, որպեսզի աշխատեն, կրթվեն։

Մինչդեռ հենց նույն բարի նպատակով կառավարութան մեկ այլ բարեփոխման հետևանքով վերափորձաքննությունից հետո մեկ տարվա ընթացքում 109 հոգի երրորդից երկրորդ խումբ է անցել։ 330-ը զրկվել է հաշմանդամության խմբից ու թոշակից։

«Առաջին անգամ փորձաքննության ժամանակ քանի որ որևէ վերականգնողական միջոցառում չի իրականացվել, մենք չենք կարող գնահատել դրա արդյունքները։ Փաստացի ունեցել ենք դեպքեր, երբ որ անձի մոտ գնացել է վերականգնում», - ասում է Ռիմա Եգանյանը։

Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հավելեց. - «Մենք պիտի միայն ուրախանանք, որ նրա առողջական վիճակը բարելավվել է, և հաշմանդամության խումբը, օրինակ, վերանայվել է։ Այստեղ այն մյուս ծառայությունների աջակցության մեխանիզմը պիտի ստեղծվի, որին որ փորձում ենք նպաստել»։

Ուրախանալու առիթ չունի, սակայն, երրորդ կարգի հաշմանդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Գագիկ Մկրտչյանը. - «Ներվերի հետ կապված խնդիր ունեմ, մատերս չեմ զգում։ Աջ կողմս չի աշխատում»։

Գագիկի կինը՝ Տիգրանուհի Բաբայանը սրտնեղած պատմում էր՝ մայիսից ամոսւնուն զրկելու են հաշմանդամության կարգից. - «Իրան ասել են, որ դու արդեն առողջ մարդ ես, դու պետք ա աշխատես, ապրես։ Իրա աջ ձեռքի երկու մատները բացարձակապես չեն աշխատում, ուժ չկա թևի մեջ։ Հիմա ինքը էն վիճակում ա, որ նորից պիտի գնա Զինվորի տուն, որովհետև ինքը դեռ լիարժեք առողջ չի»։

Նախարարությունից հոսւադրող խոստումներ են տալիս՝ նոր համակարգն ամեն ինչ տեղն է գցելու, հաշմանդամություն ունեցող մարդականց կարիքները պատշաճ կերպով գնահատվելու են։ Իսկ մինչ այդ «Ազատությունն» արդեն մի քանի հաղորդում է պատրաստել այն մասին, որ հաշմանդամության խմբերից զրկված մարդիկ սոցիալական արդարությունը փորձում են վերականգնել դատարանում։

XS
SM
MD
LG