Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը պաշտոնապես տեղեկացրել է BRICS կազմավորման անդամ պետություններին, որ իր երկիրը հրաժարվում է այդ միջպետական միավորմանն անդամակցելու մտադրությունից:
BRICS-ի կազմում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Եգիպտոսը, Իրանը, Արգենտինան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան հրավիրվել են միանալու 2024 թվականի հունվարի 1-ից։
Միլեյը խմբի անդամ երկրներին ուղղված նամակում նշել է, որ «կառավարությունը նպատակահարմար չի գտնում 2024 թվականի հունվարի 1-ից Արգենտինայի Հանրապետության ընդգրկումը BRICS-ում որպես լիիրավ անդամ»: Արգենտինայի ղեկավարը նշել է, որ այդ որոշումը չի նշանակում միավորման երկրների հետ առևտրի չեղարկում, և տնտեսական հարաբերությունները կշարունակվեն։
BRICS երկրների խումբը, որը կազմում է աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսը, միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը: