Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի հետ ՀՀ-ի երկխոսության խորացումը հանգեցնում է պաշտպանական ոլորտում ինքնիշխանության կորստի․ Լավրով


Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը գիտակցում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման պատճառով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել։

«Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»,- եզրափակել է Լավրովը։

Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։

«Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ (ՆԱՏՕ-ին)։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումներն՝ ի շահ տարածաշրջանի կայունությանը, դա մեզ համար շատ կարևոր է», - վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել էր Կոլոմինան։

Թեև Հայաստանը բազմաթիվ դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից, բացեիբաց հայտարարում է, որ Մոսկվան ձախողել է դաշնակցային պարտավորությունները Հայաստան ադրբեջանական ներխուժումների, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ չի արել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է՝ Հայաստանը դեպի Արևմուտք վեկտոր չի փոխում։ Պաշտոնական Երևանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ հայ ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի, նաև, որ դիվերսիֆիկացնում է անվտանգային քաղաքականությունը։

XS
SM
MD
LG