Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն է տեսնում


Հայաստանի արտգործնախարարը Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն է տեսնում։ Իրանի արտգործնախարարի հետ այսօրվա ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանն ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման հույս հայտնեց:

«Որևէ պետություն միայնակ դժվար թե կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել, մենք տեսնում ենք դրական ազդակներ, ինչպես օրինակ, վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ որ տեղի ունեցավ ռազմագերիների ու պահվող անձանց ազատ արձակում, մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ, ես նկատի ունեմ պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերը, կոչերն Ադրբեջանից, բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը: Տարբեր առաջարկներ կան, բայց այդ հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում», - ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:

Միրզոյանն այս հայտարարությունն անում է Փաշինյան-Ալիև պետերբուգյան երեկվա ոչ պաշտոնական շփումից հետո, որն առաջինն էր Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից ու արևմտյան հարթակներում մի քանի հանդիպում չեղարկելուց հետո։ Հանդիպման մասին ոչ մի կոնկրետ տեղեկություն Միրզոյանն էլ չհաղորդեց։

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, թե կոնկրետ ինչի՞ շուրջ է եղել երկու ղեկավարների զրույցը, վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը երեկ չէր մանրամասնել՝ սահմանափակվելով այս հայտարարությամբ։

Իսկ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքն ընդհանրապես այդ զրույցի մասին չի հաղորդել։ Արդյոք երեկվա շփումների ժամանակ Ալիևը պատրաստակամություն հայտնե՞լ է Հայաստանի պնդած 3 սկզբունքներով ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Միրզոյանն այս հարցին կոնկրետ չպատասխանեց, բայց ասաց՝ սահմանազատման սկզբունքները քննարկում են՝ պատասխանելով հարցին՝ Բաքուն համաձա՞յն է 1975 - 90-ական թվականների քարտեզների կիրառմանը, այդ մասին կարո՞ղ հիշատակում լինել պայմանագրում:

«Մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքները, դրա հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում, մեր համար, օրինակ, քարտեզների հիշատակումն այդպիսի մի դրսևորում է՝ վստահանալու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովվում՝ չկանխորոշելով արդյունքները, հակառակ դեպքում սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի, բայց ապահովելու այդ տեսանելիությունը, կանխատեսելիությունը: Պայմանագրի վերջնական տեքստ չունենք, հետևաբար ես չեմ կարող և որևէ մեկը չի կարող ասել՝ ինչ կլինի վերջնական բանակցությունների արդյունքում: Այս պահին, այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես ասհմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու փորձ», - նշեց Միրզոյանը:

Առաջիկա ամիսներին հնարավոր է կայուն խաղաղություն. Աբդոլահիան

Առաջիկա ամիսներին հնարավոր է կայուն խաղաղություն, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը տրամադրված են դրան, կարծում է իրանցի դիվանագետը։ Երևան գալուց առաջ Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտոնակիցների հետ հայ -ադրբեջանական կարգավորումը քննարկած Հոսեյն Ամիր Աբդոլահիանը այսօր հայտարարեց՝ թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի հետ հանդիպումներում անդրադարձ է կատարվել Թեհրանի դերակատարությանը Հարավային Կովկասում՝ որպես կայունության երաշխավորի։

Արդյոք Իրանի ԱԳ նախարարը Երևան է եկել առաջարկներով ու արդյոք Թեհրանը հավակնո՞ւմ է խաղաղության պայմանագրի երաշխավորը դառնալ։

«Իրանը ուզում է, որ Հայաստանի խաղաղությունն ու կայունությունը ապահովված լինի առանց արտաքին ուժերի միջամտության ու տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջոցով հաստատվի հայ-ադրբեջանական խաղաղությունը», - նշել է Աբդելահիանը:

«Մենք քանիցս լսել ենք Իրանի մոտեցումները խաղաղության մասին, Իրանի հստակ դիրքորոշումը տարածքային ամբողջականության մասին, Իրանի հստակ դիրքորոշումը սահմանների անձեռնմխելիության մասին, և սա թերևս լավագույնն է, որ այս պահին, կարծում եմ, կարող է վարել խաղաղության գործընթացի համար: Անշուշտ կարող են արվել հանդիպումների կազմակերպումներ և այլն՝ տարբեր կողմերի կողմից, բայց միևնույն ժամանակ շարունակաբար ու շատ վճռականորեն հաստատակամ կերպով նշելով այն սկզբունքները, որոնց վրա պետք է հենված լինի այդ խաղաղությունը, կարծում եմ, երևի ամենամեծ ներդրումներից մեկն է այդ գործընթացում», - Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց հարցին՝ Երևանն ինչպե՞ս է տեսնում Իրանի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

Հայաստանի արտգործնախարարը պնդում էր՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների շահագործման հարցում Հայաստանի ու Իրանի մոտեցումները համահունչ են, Երևանն ընդգծում է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության հարգմամբ։

Աբդոլահիանը Երևանում էլ կրկնեց՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ողջունում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը։ Վերջում էլ իրանցի պաշտոնյան որոշեց Երևանից Միացյալ Նահանգներին զգուշացնել, թե եթե Գազայի հատվածում փորձում են ցեղասպանություն իրականացնել, պետք է չկասկածեն՝ Իսրայելը չի հաղթի։

Հայաստանի արտգործնախարարն Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն է տեսնում
please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00

XS
SM
MD
LG