Մատչելիության հղումներ

Քննարկվում է խաղաղության պայմանագրում քարտեզների ընդգրկման հնարավորությունը. Միրզոյան


Այս պահին քննարկվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում քարտեզների ընդգրկման հնարավորությունը, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ արդյոք 1975-90-ական թվականների կամ խորհրդային ամենաթարմ քարտեզների մասին հիշատակում կարո՞ղ է լինել խաղաղության պայմանագրում:

«Խորհրդային ամենաթարմ քարտեզն է: Ես ուզում եմ կրկին կարևորենք սկզբունքները. մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքները, դրա հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում: Մեր համար քարտեզների հիշատակումն այդպիսի դրսևորում է՝ վստահանալու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովելու՝ անշուշտ չկանխորոշելով արդյունքները, հակառակ դեպքում սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի: Այս պահին, այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու դրսևորում», - պատասխանեց ԱԳ նախարարը:

Հարցին էլ՝ արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն հայտնե՞լ է Հայաստանի պնդած երեք սկզբունքների հիման վրա ստորագրելու այդ պայմանագիրը, Արարատ Միրզոյանն արձագանքեց. - «Հայաստանի պաշտպանած երեք սկզբունքները, ըստ էության, երևի թե շատ ֆորմալ առումով ճիշտ չէ ձևակերպել Հայաստանի առաջ քաշած կամ Հայաստանի պաշտպանած երեք սկզբունք, սրանք միջազգային իրավունքին համահունչ, ակնհայտ արդար, ընդունված և նույնիսկ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում հանրահռչակված սկզբունքներ են: 3 սկզբունք, որ ասում ենք, խոսում ենք ինքնիշխանության մասին, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անձեռնմխելիության մասին: Ընդունել է, չի ընդունել երեկվա հանդիպման ընթացքում, կարծում եմ, մի փոքր հարցի պարզունակ գնահատում կլինի: Մենք պետք է առաջնորդվենք, այնուամենայնիվ, հրապարակային հայտարարություններով ու հրապարակավ հաստատված պայմանավորվածություններով»:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն էլ կարծիք հայտնեց, որ նոր տարվա առաջին ամիսներին հնարավոր է հասնել կայուն խաղաղության:

«Մենք լավատես ենք, որ այն դրական տրամադրվածությունները, որ կան տարածաշրջանում, առանց արտաքին միջամտությունների՝ տարածաշրջանում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջոցով, «3+3» ֆորմատով, իրատեսական առումով դիտարկենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը», - հայտարարեց Աբդոլահիանը:

Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել այսօր:

Երևան այցին ընդառաջ Աբդոլահինաը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG