Strauss ընկերությունը, որն Իսրայելում սննդամթերքի և ըմպելիքների խոշոր արտադրողներից մեկն է, ժամանակավորապես փոխել է խանութներում վաճառվող սուրճի փաթեթների դիզայնը և «Թուրքական սուրճ» անվան փոխարեն փաթեթների վրա տեղադրում է հայրենասիրական կարգախոսներ:
Այդ որոշումն ընդունվել է Գազայի հատվածում ընթացող պատերազմի պայմաններում թուրք-իսրայելյան հարաբերությունների կտրուկ վատթարացման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրք այլ պաշտոնյաների կողմից Իսրայելի ղեկավարներին հասցեագրված խիստ՝ երբեմն վիրավորանքներով ուղեկցվող քննադատության կապակցությամբ:
«Թուրքայկան սուրճ» գրությունը սուրճի փաթեթների վրայից հեռացնելու Strauss ընկերության որոշման մասին հաղորդել է Yedioth Ahronoth թերթը։
Իսրայելում այդ ընկերությունը շուրջ 60 տարի է սուրճը վաճառել «թուրքական» մակագրությամբ:
Հիմա սուրճի կարմիր գույնի փաթեթը զարդարվում է Իսրայելի դրոշով և ներկայումս հայտնի հայրենասիրական կարգախոսներով՝ «Իսրայելի ժողովուրդը ապրում է», «Մենք այլ երկիր չունենք», «Միասին մենք ուժեղ ենք», «Հաղթանակի սերունդ»։