Գերմանիայի կառավարությունը ռազմական օգնության նոր փաթեթ, այդ թվում՝ ռազմական տեխնիկա և զինամթերք է ուղարկել Ուկրաինա, հաղորդում է Գերմանիայի կառավարությունը։
Խոսքը, մասնավորապես, 3 «Գեպարդ» ինքնագնաց զենիթային կայանքների և դրա համար նախատեսված 30 հազար 240 զենիթային մարտական արկերի մասին է։ Ուկրաինա տեղափոխված «Գեպարդների» ընդհանուր թիվը հասել է 52-ի։ Փաթեթը ներառում է նաև չճշտված քանակությամբ զինամթերք «Լեոպարդ» 2 A6 տանկերի համար։ Գերմանիան Ուկրաինային է փոխանցել 18 այդպիսի տանկ։
Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միայն 2023 թվականին Կիևը Բեռլինից 4,34 միլիարդ եվրոյի զենք է ստացել։ Գերմանիայում վերապատրաստվել է 10 հազար ուկրաինացի զինվորական։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից` Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, Գերմանիան Ուկրաինային տրամադրել է 5,97 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։
ԱՄՆ-ից հետո Բեռլինը Կիևին ռազմական օգնության երկրորդ խոշոր մատակարարն է։ Կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է օգնել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։