Մատչելիության հղումներ

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների 12-րդ փաթեթին


Շվեյցարիան միացել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների 12-րդ փաթեթին: Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի կառավարությունը՝ Դաշնային խորհուրդը, պարզաբանելով, որ այս պահին խոսքն անհատների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին է, իսկ մնացած պատժամիջոցների հարցը կքննարկվի մոտ ապագայում։

Կառավարությունը նշել է, որ Էկոնոմիկայի դաշնային վարչությունը (նախարարությունը) «որոշել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը»։ Դաշնային խորհուրդը հիշեցրել է, որ դեկտեմբերի 18-ին Եվրամիությունը պատժիչ նոր միջոցներ է հաստատել Ռուսաստանի դեմ: Այս կապակցությամբ Շվեյցարիայի տնտեսական հարցերի նախարարությունը դեկտեմբերի 21-ին «իր իրավասության շրջանակում ընդլայնել է Շվեյցարիայի պատժամիջոցների ռեժիմը՝ դա տարածելով 61 ֆիզիկական և 86 իրավաբանական անձանց վրա»:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո ռուսական ծագման ադամանդի ներկրումը Շվեյցարիա կտրուկ նվազել է։

«Բացի այդ, Ռուսաստանից Շվեյցարիա բնական կամ սինթետիկ ադամանդի ուղղակի ներմուծում այլևս չի իրականացվում», - ասվում է Էկոնոմիկայի դաշնային վարչության հաղորդագրությունում:

Շվեյցարիան, որը ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ չէ, աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին: ՌԴ-ն անցյալ տարվա մարտին հաստատել է Ռուսաստանի պետության, ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ անբարյացակամ գործողություններ իրականացնող պետությունների ցանկը, որում ընդգրկված է նաև Շվեյցարիայի Համադաշնությունը։ Ռուսաստանը պատասխան միջոցներ է սահմանում այդ երկրների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG