Մատչելիության հղումներ

Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտնի սկզբունքներից տարբերվող հայտարարություն է անում


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Լոնդոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին, մի բան է ասել, որը տարբերվում է մինչև այժմ արտահայտված, քիչ թե շատ հայտնի սկզբունքներից։ Նա ասել է, որ երկու երկրների միջև սահմանները որոշելու հարցը կարող է լուծվել առանձին։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը նշել է, որ հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար Բաքուն այլևս մեծ խոչընդոտներ չի տեսնում։

«35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը երկու կողմերի գործողությունն է պահանջում։ Խաղաղության համաձայնագիրը հրթիռային գիտություն չէ։ Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին», - ասել է նա։

Հայերի Ղարաբաղ վերադառնալու հնարավորության մասին նա ասել է, թե Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո նրանց վերադարձի իրավունքը կապահովեն։

«Իրավական անորոշության կարգավիճակ մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ», - հայտարարել է Հաջիևը, միաժամանակ նշելով, որ փոխադարձ իրավունքներ պետք է լինեն նաև 1988-ից Հայաստանը լքած ադրբեջանցիների համար։

BBC-ի հետ հարցազրույցում Հաջիևն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։

«Ներկայումս Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական ներգրավվածություն կա ուղիղ բանակցությունների շրջանակում։ Գտնում եմ, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվեց աշխարհին զարմացնել պոզիտիվ օրակարգով։ Դեկտեմբերի 7-ին երկու կողմերը համատեղ հայտարարություն հրապարակեցին, որտեղ խաղաղ օրակարգը առաջ մղելու, վստահություն կառուցելու մտադրություն արտահայտեցին»,- ասել է Հաջիևը, նշելով, որ վերջին երեք ամիսները կարելի է համարել ամենահանգիստ շրջանը հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ նրանց անկախացումից ի վեր։

«Չկա ոչ պատերազմ, ոչ վայրագություն, ոչ առճակատում, զինվորները վերադառնում են իրենց զորանոցները։ Տեղական մակարդակում հարաբերական խաղաղությունն ապահովված է։ Հիմա ժամանակն է այն վերածել տևական խաղաղության՝ ներառյալ խաղաղության համաձայնագրի կնքումը»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Ամերիկյան Newsweek-ին տված հարցազրույցում Հաջիևը անդրադարձել է Վաշինգտոնի միջնորդական ջանքերին, ասելով, թե Վաշինտոնը պետք է փոխի դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի կարողանա միջնորդել խաղաղ բանակցություններում։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի մեկնաբանությունները Ղարաբաղում այս տարվա սեպտեմբերին իրականացրած «հակաահաբեկչական միջոցառումների» վերաբերյալ հավասարակշռված չէին։

Նա և ընդհանրապես Բաքուն «հակաահաբեկչական միջոցառում են անվանում Արցախի վրա ադրբեջանական բանակի սեպտեմբերի 19-ի հարձակումը, որի հետևանքով Ղարաբաղը հայաթափվեց։

Ջեյմս Օ՛Բրայանը ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումներին քննադատել էր Ադրբեջանին, որը Հաջիևի ընկալմամբ՝ «միակողմանի մոտեցում էր, ինչը անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում»։

Newsweek-ի հարցազրույցում նա անդրադարձել է նաև 97 բանաձևի կասեցումը մինչև հիմա չերկարաձգելու փաստին։

1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907 ենթաբաժինը Վաշինգտոնին արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումից հետո ԱՄՆ-ի նախագահները մինչև հիմա կասեցնում են բանաձևը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։ Այդ գործողություններում Աֆղանստանի մատակարարումների համար օգտագործվում էր նաև Ադրբեջանի տարածքը, սակայն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերելուց հետո ադրբեջանական գործոնը թուլացել է։

Այս տարի 907-ի արգելքը դեռ չի կասեցվել։

Հաջիևն ասել է, որ 907-ը շարունակում է հիասթափություն առաջացնել Բաքվում, այն համարել է «անհասկանալի և ամերիկյան կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար լրամշակումներից մեկը»։

«Ադրբեջանը օտարերկրյա օգնության կամ աջակցության կարիք չունի։ Ադրբեջանն ինքնաբավ երկիր է, բայց այստեղ շատ կարևոր է հոգեբանական հանգամանքը, քաղաքական հանգամանքը, քանի որ Ադրբեջանի նկատմամբ նաև վերաբերմունքը արդար չէ»,- ասել է նա, պնդելով, որ 907-ը խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության համաձայնագրի կայացմանը նպաստելու համար Վաշինգտոնում հանդիպումներ անցկացնելու ամերիկացիների ջանքերին։

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից կարող է այլ վերաբերմունք լինել, հենց լինի, կարող ենք շարունակել քննարկումները Վաշինգտոնում»,- ասել է Հաջիևը՝ 907-ը բանաձևը կապակցելով հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում անցկացնելու հնարավորության հետ։

Լոնդոնում Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարուոի հետ՝ քննարկելով նաև տարածաշրջանային հարցեր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 8-ին, Թիմ Բարոուն հանդիպում էր ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG