Պատժամիջոցներով արգելված հեռահաղորդակցության սարքավորումները, ինչպես նաև տեխնոլոգիաները և միկրոչիպերը, որոնք անհրաժեշտ են հետևելու և սպառազինությունների համակարգերի ստեղծման համար, Ռուսաստան են մատակարարվում ծովային ճանապարհով Մարոկկոյով և Թուրքիայով: Այդ մասին ասված է The New York Times-ի հետաքննությունում՝ հիմնված ռուսաստանցի պաշտոնյաների և առևտրային փաստաթղթերի արտահոսքերի վրա:
Ըստ այդմ՝ Մարոկկոն և Թուրքիան ստացել են ապրանքները տեխնոլոգիաների արտադրության համաշխարհային կենտրոններից, այնուհետև բեռնել են դրանք Ռուսաստան մեկնող նավեր:
Մասնավորապես, Մարոկկոյի Թանջեր-Մեդ նավահանգստում Ռուսաստան ուղարկելու համար բեռնում են Cisco, HP, Juniper, Ericsson և Nokia ընկերությունների արտադրանքը: Մատակարարումների ծավալը կարող է կազմել տարեկան 10 միլիարդ դոլար: Նավահանգստի ղեկավարությունը, այդուհանդերձ, պնդում է, թե տեղյակ չի եղել Ռուսաստան մատակարարումների մասին:
Մարոկկոյով և Թուրքիայով ստացված սարքավորումները Ռուսաստանում վաճառում են առցանց խանութներում, որոնցից 4Telecom-ը, ըստ ամերիկյան պարբերականի, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ԱՄՆ-ից և Չինաստանից գնել է շուրջ 250 միլիոն դոլարի բարձրտեխնոլոգիական ապրանքներ:
Այսկերպ ձեռք բերված սարքավորումներն օգտագործվում են այդ թվում ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից: Օրինակ, Անվտանգության դաշնային ծառայության Եկատերինբուրգի գրասենյակում կիրառվում է Cisco և Jupiter ընկերությունների արտադրանքը, պարզել է The New York Times-ը: