Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր մեկնաբանել է Ռուսաստանի հանդեպ Եվրամիության ընդունած նոր պատժամիջոցների 12-րդ փաթեթը, որը արգելում է նաև ռուսական ալմաստների ներմուծումը։
«Ինչ վերաբերում է ալմաստներին, ապա այն կանխատեսելի էր, դրան պատրաստվել էինք։ Չեմ կարծում, թե այդ պատժամիջոցները շրջանցելու որևէ տարբերակներ չկան։ Դրանք կան և կիրականացվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա նաև մեծ սպառնալիք չի համարել Ռուսաստանի ռազմարդյունաբերության ձեռնարկությունների ակտիվների սառեցումը, որը նույնպես ընդգրկված է պատժամիջոցների նոր փաթեթում, նշելով, որ պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների ակտիվներ Եվրամիությունում չկան։
«Ընդհանուր առմամբ, 12-րդ փաթեթը վկայում է, որ արդեն սպառվում է այն ոլորտների ռեսուրսը, որտեղ կարող են պատժամիջոցներ մտցնել»,- ասել է Կրեմլի խոսնակը։