Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ֆուտբոլային մրցաշարերում առասպելական հաջողություններ գրանցած «Արարատ-73»-ի աստղ Նիկոլայ Ղազարյանը: Ծանր հիվանդ վիճակում 76-ամյա նախկին մարզիկը վերջին օրերին Երևանի թիվ 8 հիվանդանոցում էր:
Նիկոլայ Ղազարյանը ծնվել է 1947 թվականին: 1969 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում, այնուհետև բարձրագույն լիգայում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի կազմում:
1971 թվականին «Արարատ»-ի կազմում նա դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1973 թվականին Նիկոլայ Ղազարյանը, որին երկրպագուները սիրով անվանել են «Կոլյա», նվաճել է ԽՍՀՄ գավաթը և առաջնության ոսկե մեդալը:
Նա եղել է ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամ, ստացել է սպորտի վարպետի կոչում: Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
«Կոլյան» խաղացել է ձախ եզրային հարձակվողի դիրքում, համարվել է գերարագաշարժ ֆուտբոլիստ: Մասնակցել է 229 հանդիպումների, խփել է 49 գնդակ: