Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն հաստատել են սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը


Երկու երկրների փոխվարչապետ
Երկու երկրների փոխվարչապետ

Սահմանազատման հանձնաժողովների առաջին նիստից մեկուկես տարի անց Երևանն ու Բաքուն այսօր հաստատեցին համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

«Նիստերի անցկացման ամսթիվը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ, նիստերը հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ որպես կանոն անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, կամ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության սահմանին, կամ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով», - ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանն այսօր կառավարության նիստին, նաև հայտնեց, որ կողմերն աշխատակարգը համաձայնեցրել են հանձնաժողովների վերջին՝ նոյեմբերի 30-ին Իջևանի ու Ղազախի հատվածում կայացած հանդիպման ընթացքում։

Երևանն ու Բաքուն նաև ամրագրում են, որ ընդունող կողմը պետք է երաշխավորի նիստերի բոլոր մասնակիցների անվտանգությունը։

Հայկական կողմի սահմանազատման հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասաց՝ եթե հաստատված աշխատակարգով լուծվում են կազմակերպչական հարցերը, ապա հաջորդ փուլում կմշակվի կանոնակարգ, որն արդեն ավելի բովանդակային կլինի։

«Մեթոդաբանություններ պետք է նկարագրենք և սահմանումներ պետք է տանք ավելի կոնկրետ, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, ինչը գերկարևոր է, և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ», - նշեց Մհեր Գրիգորյանը։

«Ըստ էության, սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, որը, կարծում եմ, շատ կարևոր է», - նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպումներն անցկացրել են, մեկը՝ Երասխի հատվածում, 2-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։ Այդ հանդիպումներից հետո Երևանն ու Բաքուն շատ մանրամասներ չեն ներկայացնում, առավելագույնը, թե «կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը»։

«Ընդհանուր առմամբ կա ըմբռնում, որ նաև փորձենք սահմանազատման, այսինքն՝ ակնհայտորեն և այսօրվա որոշումը դրա ապացույցն է, հնարավորինս, ինչքան պայմանները թույլ են տալիս, ակտիվացնել աշխատանքը և փորձել առաջընթաց գրանցել այս ուղղությամբ», - ասաց վարչապետը։

Հանձնաժողովների հանդիպումներին նաև անկլավների ու էքսկլավների հարցն է քննարկման դրվելու, ավելի վաղ հենց կառավարությունից էին հաստատել։

Խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ անկլավների հարցով կողմերը միմյանց պետք է ներկայացնեն իրավական փաստաթղթեր, ապա քննարկեն՝ որքանով են դրանք լեգիտիմ։

Երևանն ու Բաքուն դեռ չեն հայտնում՝ երբ է սպասվում հանձնաժողովների հաջորդ նիստը, ու թե կողմերն ինչ օրակարգով են հանդիպելու։

XS
SM
MD
LG