Մատչելիության հղումներ

Նրանք, ովքեր չեն ուզում՝ Արցախի պետական ինստիտուտները գործեն, ԼՂ պետականությունը ոչնչացնելու կողմնակիցներ են. արցախցի պատգամավոր


Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնական փակելու ուղղությամբ ինտենսիվ քայլեր են իրականացվում, իսկ այդ հարցով շահագրգիռ կողմերն ագրեսիվ վարքագիծ են դրսևորում, հայտարարել է Արցախի խորհրդարանը՝ վերահաստատելով հանձնառությունը՝ տեր կանգնելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին։

Օրենսդիրներն առանց մանրամասների պատրաստակամություն են հայտնում շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Թե ովքեր են Լեռնային Ղարաբաղի էջը փակողները, հայտարարության մեջ չի նշվում: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ևս այդ մասին խոսում է առանց կոնկրետ քաղաքական ուժերի կամ պաշտոնյաների անուններ նշելու:

«Այն բոլոր անձինք, ովքեր չեն ուզում, որ Արցախի պետական ինստիտուտները գործեն, այդ բոլոր մարդիկ հանդիսանում են Արցախի պետականությունը ոչնչացնելու կողմնակիցներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։


Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը դեմ է իշխանությունը: Վարչապետ Փաշինյանի թիմակիցները պնդում են, թե դա ուղիղ սպառնալիք է երկրի անվտանգությանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կարծիքով՝ դա կարող է ռումբ դառնալ Հայաստանի դեմ:

«Գնան, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն իրենք, լուծարեն Լեռնային Ղարաբաղի բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը լուծարեն ու գան Հայաստանի Հնարապետությունում Ազգային ժողով նիստ անե՞ն, սա ՀՀ դեմ է ռումբ՞», - ասաց նա։

Պատգամավորները հայտարարության մեջ մինչդեռ պնդում են՝ Արցածի պետականության լուծարման մասին փաստաթուղթն հակասահմանադրական, է և ստորագրվել է Ադրբեջանի պարտադրանքով, վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դրանով կանխել է՝ «խաղաղ բնակչության ցեղասպանությունը»:

Ի դեպ, շաբաթ օրը կուսակիցների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե Արցախի պետական կարգի լուծարումն անխուսափելի էր բանակցային նախկին գործընթացի պատճառով։

Արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում պետք է ներառվի. Վահրամ Բալայան

Կառավարությունը դեռ չի հստակեցնում՝ կա՞ արդյոք խաղաղության պայմանագրում արցախահայերի վերադարձի վերաբերյալ որևէ կետ:

Չնայած սրան՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» արդեն հայտարարում են, թե արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ներառելը նպատակահարմար չէ: Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը մինչդեռ հակառակ տեսակետին է:

«Խաղաղության պայմանագրի մեջ պետք է ներառվի, այսինքն՝ պատահական չէ, որ Ադրբեջանը անընդհատ փորձում է, ստիպում է, որ այդ կետը չլինի համապատասխան։ Հասկանալի է չէ՞, որ Ադրբեջանը դրա համար մտահոգ է, որովհետև վերջնականապես կլանելու խնդիր ունի», - նշեց նա։

Լեռնային Ղարաբաղի պատգամավորները խոսում են նաև Արցախում ազատ ու անկախ ապրելու իրենց իրավունքից: Վահրամ Բալայանն ասում է՝ այժմ էլ այդ ուղղությամբ ոչ բավարար, բայց քայլեր արվում են։ Թե ում հետ, պատգամավորը դեռ վաղ համարեց այդ մասին հայտնել. - «Քո քայլին նաև հակաքայլ է լինում, ավելի լավ է ավելի քիչ խոսել, բայց փորձել, բայց համապատասխան գործընկերներ ու շահագրգիռ ուժեր կան, որոնց հետ կան որոշակի կապեր, և համենայն դեպս մենք կփորձենք այդ հնարավորություններն օգտագործել»։

Ու թեև Հայաստանի բանակցողները, միջազգային հանրությունը տևական ժամանակ է՝ չեն խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը այդ հարցի արծարծումը դեռ հավանական է համարում։

Լեռնային Ղարաբաղն այժմ Ադրբեջանի լիարժեք հսկողության տակ է և հայաթափված. ինչպե՞ս են այս պայմաններում Արցախի պաշտոնյաները խոսում ինքնորոշման իրավունքի իրացումից, այդ մասին ոչինչ նշված չէ նաև խորհրդարանի տարարած հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG